Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թունավոր խոսքը

28/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բամբասանքի ժանտախտի և ճշմարտության քայքայման մասին

Սովորաբար ամեն ինչ մեծ ստով չի սկսվում։ Ավելի հաճախ՝ փոքր նախադասությամբ, իբր թե լսված խոսքերով՝ «ասում են, թե…»: Բայց հենց այդ փոքրիկ նախադասությունից կարող է ծնվել մի ուժ, որը գերազանցում է ամեն հրամանագրի, ամեն դատարանի որոշման և նույնիսկ ամեն աղոթքի զորությունը։ Այդ ուժը բամբասանքն է։

Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը բամբասանքը կոչում էր «սատանայի դանակ», որովհետև այն միաժամանակ վիրավորում է խոսողի լեզուն, լսողի ականջը և երրորդի՝ անմիջապես չներգրավվածի սիրտը։ Այն, ինչ դարեր շարունակ դիտվում էր որպես բարոյական զգուշացում, այսօր դարձել է քաղաքական իրականություն։ Մեր օրերում, երբ միկրոֆոններն ու տեսախցիկները, ինչպես նաև սոցիալական ցանցերը, յուրաքանչյուր խոսք կարող են վերածել սկանդալի, թունավոր խոսքը դարձել է զենք, իսկ հասարակությունը՝ դրա գերի։

Հին մեղքի նոր ձևը

Հայաստանը հիմա ապրում է այն, ինչ տեղի է ունենում բոլոր հասարակություններում, երբ բարոյական կողմնացույցը կորչում է։ Մարդիկ շփոթում են թափանցիկությունը՝ մերկացման հետ, վերահսկողությունը՝ ճշմարտության, իսկ դավաճանությունը՝ քաջության։ Այս շփոթը պատահական չէ․ այն հետևում է այն տրամաբանությանը, որը Ռենե Ժիրարը անվանել է «միմետիկ մրցակցություն»՝ այն դինամիկան, որի ընթացքում հասարակությունը իր վախերն ու լարվածությունները տեղափոխում է մեկ անձի վրա՝ դարձնելով նրան քավության նոխազ։

Կառավարությունն ու նրան ծառայող լրատվամիջոցները ձևավորել են վտանգավոր մթնոլորտ՝ անվստահության և կասկածի։ Հոգևորականներ, եպիսկոպոսներ, նույնիսկ Կաթողիկոսը դարձել են «արտահոսած ձայնագրությունների», «բացահայտված փաստերի» և «գաղտնալսված զրույցների» թիրախ։ Ոչ ոք չգիտի՝ այդ նյութերը իսկապե՞ս իրական են, բայց դա արդեն նշանակություն չունի։ Սկանդալի տրամաբանությունը փոխարինել է ճշմարտության տրամաբանությանը։ Գյուստավ Լը Բոնը դեռ 19-րդ դարում նկատել էր՝ ամբոխը ապացույցներ չի փնտրում, այլ՝ պատկերներ և զգացումներ։ Բամբասանքը՝ իդեալականորեն բավարարում է այդ պահանջը։

Երբեմնի մութ փողոցների շշուկը այսօր դարձել է ալգորիթմներով բազմապատկվող հոսք։ Բամբասանքի մեղքը փոխել է միայն իր մարմինը, բայց ոչ՝ իր էությունը։ Այն դարձել է տեխնոլոգիապես կատարելագործված՝ ավելի արագ, ավելի հեռուն հասնող և գրեթե անջնջելի։ Թվային աշխարհը չի մոռանում․ այն պահպանում է զրպարտությունը հավիտյան։

Խոսքի աստվածաբանությունը

Քրիստոնեական ընկալմամբ խոսքը չեզոք գործիք չէ, այլ՝ ստեղծագործ ուժ։ «Սկզբում էր Բանը» (Հովհ. 1,1) — ոչ թե տեղեկատվությունը, ոչ թե փաստը, ոչ էլ սկանդալը։ Սա նշանակում է, որ խոսքն օգտագործողը միջամտում է հենց արարչագործությանը։ Խոսքը մասնակից է Աստվածային Լոգոսին, որը աշխարհը կանչեց գոյության։ Ուստի՝ յուրաքանչյուր խոսք կամ ստեղծում է, կամ կործանում։ Երրորդ տարբերակ չկա։

Սուրբ Եփրեմ Ասորին զգուշացնում էր, որ մահը աշխարհ մտավ ականջով՝ կեղծ խոսքը լսելով։ Եվայի զրույցը օձի հետ (Ծննդոց 3) կարելի է համարել մարդկության առաջին «ֆեյք նյուզը»՝ կիսաճշմարտություն, որը ներկայացվում էր իբրև հոգատարություն, բայց իր էությամբ Աստծուց օտարացում էր։ Օձը բացարձակ սուտ չասաց․ նա ասաց ճշմարտություն՝ իրեն հարմար համատեքստում և իր պիղծ մտադրությամբ։ Նույն սկզբունքը գործում է նաև այսօր․ ապատեղեկատվությունը չի կառուցվում կոպիտ ստերի վրա, այլ՝ նուրբ աղավաղումների։

Երբ այսօր գաղտնի ձայնագրություններ են շրջանառվում, երբ քահանաների կամ եպիսկոպոսների մասնավոր խոսակցությունները հրապարակվում են իբրև բացահայտումներ, կրկնվում է նույն տեսարանը․ մարդը լսում է փորձության ձայնը և ընդունում այն՝ իբրև ճիշտ տեղէկություն։ Կարծում է՝ թաքունը բացահայտում է ճշմարտությունը, մինչդեռ այն հաճախ բացահայտում է միայն բացահայտողի ստորությունը։

Տեղեկությունը առանց սիրո դառնում է սուտ, իսկ ճշմարտությունը՝ առանց ողորմության՝ իշխանության գործիք։

Կործանման մեխանիզմը

Խոսի ապասրբացումը բերում է աշխարհի ապամարդկայնացմանը։ Դա այն սարսափելի «նորմալ»-իզացումն է, որով մարդիկ կործանում են ամեն ինչ՝ չգիտակցելով իրենց արարքների ծանրությունը։ Այնտեղ, որտեղ խոսքը այլևս չի բխում ճշմարտության հանդեպ պատասխանատվությունից, այլ՝ սկանդալ առսաջացնելու մղումից, ծնվում է նոր հիվանդություն՝ մեդիա-մոլուցք։ Այն ներծծվում է հասարակության հյուսվածքի մեջ, մինչև որ ոչ ոք չկարողանա տարբերել՝ որն է ճիշտը, և ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել բարիքի մասին։

Հոգեբան Դանիել Քահանեմանը սա կոչում էր «հասանելիության հեուրիստիկա», այսինքն՝ այն, ինչ հուզականորեն հագեցած է և հաճախ կրկնվում է, թվում է ճշմարիտ՝ անկախ իր փաստական հիմքից։

Այս մոլուցքը ճանաչվում է երեք նշաններով՝

  1. Այն սնվում է անվստահությամբ և ավելի է խորացնում այն։
  2. Այն փոխարինում է մտածողությունը վրդովմունքով։
  3. Այն կործանում է՝ առանց պատասխանատվություն ստանձնելու։

Թվային հասարակության մեջ մեղավորներ շատ կան, բայց պատասխանատուներ՝ գրեթե ոչ։ Ամեն ոք կարող է քար նետել, բայց ոչ ոք չի մաքրում ավերակը։

Եվ ահա ողբերգությունը․ նման մթնոլորտում նույնիսկ ճշմարտությունն այլևս չի բերում խաղաղություն։ Երբ ամեն ինչ կասկածելի է, նույնիսկ լույսը կարող է թվալ խաբեություն։ Վստահությունը՝ այն անտեսանելի կապը, որը միավորում է հասարակությունը, պատռվում է։ Մնում են միայն մեկուսացած անհատներ, որոնք նայում են միմյանց, բայց չեն հանդիպում։

Իշխանության գայթակղությունը

Հայաստանի պատմության ընթացքում պետություն–եկեղեցի հարաբերությունը միշտ էլ բարոյական դրամայի են նմանվել։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության պահապան օտար տիրապետությունների ներքո և խղճի ձայն՝ բռնության ժամանակներում։ Սակայն երբ կառավարությունը սկսում է հետևել, վարկաբեկել կամ՝ «արտահոսքերով» խայտառակել հոգևորականներին, պետությունն ինքը դառնում է բամբասանքի ուսուցիչ։

Այդպիսի պետությունը ձևացնում է, թե լույս է բերում, բայց իրականում խավար ու պառակտում է տարածում։ Խոսում է թափանցիկության մասին, բայց իրականում նսեմացնում է իր հակառակորդներին, իր քաղաքացիներին։ Նման պետությունը չի կառավարվում օրենքով, այլ՝ կասկածով ու կեղծիքով։ Այն այլևս կարիք չունի ֆիզիկական բռնության, երբ խոսքն է վերածում զենքի։ Միշել Ֆուկոն սա անվանում էր «կենսաիշխանություն»՝ վերահսկում ոչ թե մարմնի, այլ՝ խոսքի, ճշմարտության և գիտակցության։

Բայց այն ժողովուրդը, որը ծաղրում է իր հոգևորականներին, կորցնում է իր հոգին։ Հոգևորականը միայն եկեղեցու պաշտոնյա չէ․ նա կենդանի հիշողությունն է խղճի։ Նա ներկայացնում է այն ճշմարտությունը, որը չի չափվում իշխանությամբ և չի պայմանավորվում ուժով։ Հոգևորականին զրպարտողը ոչնչացնում է վերջին վայրը, որտեղ դեռ հնարավոր է անասելին անվանել անունով։ Ոչ թե որովհետև հոգևորականը անսխալական է, այլ որովհետև նրա ծառայությունը մատնանշում է մի բան, որն իր անձից մեծ է։

Լռությունը՝ որպես դիմադրություն

Այս բարոյական խավարից ելքի ճանապարհը սկսվում է ոչ թե հակահարվածից, այլ՝ ներքին մաքրումից։ Սուրբ հայրերն ասում են․ «Եթե չես կարող կանգնեցնել չարախոսությունը, գոնե մի՛ լսիր այն»։ Սա պարզապես բարոյական կանոն չէ․ սա հոգևոր ճգնություն է։ Այսպիսով մարդը մերժում է մասնակցել կործանարար համակարգին։

Տեղեկատվությամբ գերհագեցած աշխարհում գիտակցված լռությունը (այդ թվում՝ կեղծ լուրերի, զրպարտությունների, չստուգված կամ չհաստատված տեղեկությունների չտարածումը) դառնում է դիմադրության ամենաբարձր ձևը։ Դա ոչ թե անտարբերության լռությունն է, այլ՝ կեղծիքը մերժող ակտիվ լռությունը։ Նա, ով հրաժարվում է լսել բամբասանքը, պաշտպանում է աշխարհը հետագա քայքայումից։ Որովհետև յուրաքանչյուր սուտ ականջ է պահանջում՝ ապրելու համար։ Երբ ականջը չի լսում, սուտը մեռնում է։

Լռությունը երբեմն ամենաուժեղ բողոքի ձևն է, ինչպես տեսնում ենք Քրիստոսի օրինակում՝ երբ նա լռում էր մեղադրանքների առաջ։ Այդ լռությունը վախկոտություն չէ, այլ ուժ՝ չմիանալու ամբոխի ճնշմանը։ Այստեղ խոսքը ոչ թե անարդարության մասին լռելու վերաբերյալ է, այլ՝ այն դատարկ խոսքի, որը սնուցում է անարդարությունը։

Հոգևոր մաքրության պարտականությունը

Չկա ազատ երկիր առանց ճշմարտության։ Բայց ճշմարտությունը իշխանության արտադրանք չէ, այն ազնվության պտուղն է։ Այն պահանջում է խոնարհություն՝ ասել «չգիտեմ», երբ չգիտես, համբերություն՝ լռելու, երբ հստակություն չկա, և քաջություն՝ հակառակ գնալու ամբոխային վրդովմունքին։

Հոգևոր մաքրություն այսօր նշանակում է՝ գիտակցաբար ընտրել, թե որ ձայներին ենք թույլ տալիս հասնել մեր ներքին աշխարհ։ Սոցցանցերում որպես հավանության նշան դրվող ամեն մի «բութ» , ամեն մեկնաբանություն, ամեն «տարածում»՝ ձայն է, որը կամ զորացնում է ճշմարտությունը, կամ՝ սուտը։ Մենք ոչ միայն տեղեկություն ստացողներ ենք, այլև դրա տարածողները կամ մերժողները։ Եվ այդ պատասխանատվությունը ոչ ոք չի կարող կրել մեր փոխարեն։

Եկեղեցին՝ այդ թվում նաև Հայաստանում, իր հոգևոր հեղինակությունը չի կարող պաշտպանել հակահարվածներով, այլ՝ միայն խոսքի մաքրությամբ։ Երբ նա հրաժարվում է մասնակցել աղմուկին, մնում է որպես հավիտենական ձայն՝ ժամանակավոր աղմուկից դուրս։ Դա պահանջում է համբերություն՝ արագ աշխարհի մեջ վտանգված առաքինություն, և պատրաստակամություն՝ չհասկանալուն ենթարկվելու։ Որովհետև այսօր ով չի բղավում ամբոխի հետ, արագ կասկածյալի է վերածվում։

Լուսահոգի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ասում էր․ բամբասանքը «ժանտախտ է, որը ոչնչացնում է մարդկանց և հասարակությունը», որովհետև այն երբեք չի բարելավում, այլ միայն քանդում է։ Այն, ինչ ճիշտ է Եկեղեցու համար, ճիշտ է նաև ազգի համար։ Բամբասանքի աղտի մեջ խեղդվող հասարակությունը կորցնում է տարբերակելու կարողությունը՝ ինչն է էական, ինչն՝ անէական, որն է ճշմարտությունը և որն է նրա կեղծ պատկերը։

Եթե Հայաստանը ուզում է ապրել ու չկործանվել՝ ոչ միայն որպես աշխարհագրական տարածք, այլ որպես հոգևոր ազգային միություն, ապա հայը պետք է սովորի մաքրել իր լսողությունը։ Քանի որ, ինչպես գրում է Պողոս առաքյալը (Հռոմեացիներ 10,17)՝ «հավատը լսելուց է գալիս» — բայց լսելուց է գալիս նաև թույնը։ Եվ խոսքից է աճում կամ Աստծո թագավորությունը, կամ՝ զրպարտության անդունդը։

Ընտրությունը իշխանությունների ձեռքում չէ։ Այն յուրաքանչյուր մարդու անձնական որոշումն է՝ լսե՞մ, տարածե՞մ, թե՞ լռեմ՝ այդպիսով պահելով մի տարածք, որտեղ ճշմարտությունը կարող է շնչել ու ապրել։

Տիրատուր քհն. Սարդարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

Հաջորդ գրառումը

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին Մոսկվայից բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել 19։20-ի սահմաններում։Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան...

ԿարդալDetails

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական