Նիկոլ Փաշինյանը մարդասեր չէ. նրա համար թոշակառուները՝ հասարակության ամենաթույլ ներկայացուցիչները, կարծես գոյություն չունեն։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաքվե» շարժման անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ հիշեցնելով Նելսոն Մանդելայի խոսքերը՝ պետության գնահատականը երևում է այնտեղ, թե այն ինչպես է վերաբերում ամենաթույլերին։
«Այս անձնավորությունը վերջին օրերին մեզ կեղծ ընդդիմություն էր անվանել, խոսել հիբրիդային պատերազմի մասին։ Այ մարդ, ի՞նչ հիբրիդային պատերազմ։ Եթե պատերազմ ենք մղում, ապա արդարության պատերազմ ենք մղում։ Մենք մղում ենք մոտավորապես 502 հազար թոշակառուների և 160 հազար նպաստառուների համար պատերազմ։ Մենք ուզում ենք, որ մարդիկ ապրեն բարեկեցիկ կյանքով։
Այդ անձնավորությունը, որը միլիոնավոր դրամների աշխատավարձ է ստանում, ստանում է 40-50-70 թոշակառուի աղքատիկ բազմապատկած գումարը։ Մենք իրեն առաջարկում ենք սոցիալական աշխատանքը կազմակերպել այնպես, որ երկրում սոված մարդ չլինի։ Թոշակառուն իրավունք չունի սոված քնելու, դեղատան դիմաց շշկռվելու։
Այդ անձնավորությանն առաջարկում ենք դեմքով շրջվել դեպի քաղաքացին, դեպի թոշակառուն։ Հավաստիացնում եմ, որ մեր պայքարը պսակվելու է հաջողությամբ, և թոշակառուն պետք է ստանա թոշակ, որը մեկ կոպեկ պակաս չի կարող լինել նվազագույն պարենային զամբյուղից»,- ասաց Կամենդատյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, «Հայաքվե» շարժման անդամ Ցոլակ Ակոպյանն իր հերթին հավելեց, որ կենսաթոշակների բարձրացման պահանջով ստորագրահավաքն անցկացվելու է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ հանրային վայրերում։ Գրասենյակների հասցեները և հեռախոսահամարները ներկայացված են «Հայաքվե»-ի կայքում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանա մոտենալ ստորագրելու, շարժման անդամներն իրենք կմոտենան տվյալ քաղաքացիներին։
«Կխնդրեմ ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությունը, թող միանան այս կարևորագույն պահանջին։ Այս պահին արդեն ունենք 5 հազարից ավելի ստորագրություն»,- ասաց նա։
Ըստ Ակոպյանի՝ կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությանն այսօր կողմ են արտահայտվում նաև երիտասարդները, որպեսզի նրանք ևս արժանապատիվ ծերություն ունենան։





