Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա, խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Շատ կարևոր եմ համարում, որ ԱԺ լսումների մասնակցիներն իրենց դիրքորոշումը հայտնեն այս հարցերի վերաբերյալ»,-ասաց նա։
Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն իր հերթին նկատեց՝ Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքների հետ կապված շատ ծավալուն քննարկում է տեղի ունեցել։
«Շատ թեժ քննարկում է եղել, ձեզ բերվել են այն բոլոր հակափաստարկները՝ և՛ իրավական, և՛ խնդիրների, և՛ Արցախի մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով չվնասելու վերաբերյալ, որոնք այստեղ լրացուցիչ քննարկման կարիքը չունեն։
Այդուհանդերձ, ձեր կողմից գրավոր ներկայացրած առաջարկները ուշի-ուշով կուսումնասիրենք»