Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում։ Դրանք ներառում են Սև ծովում ընթացող համանատոյական «Ծովային զեփյուռ» և Ադրբեջանում այսօր մեկնարկած և նախապես չհայտարարված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական ռազմախաղերը։
Ամենայն հավանականությամբ, այս երկու գործողությունները փոխշաղկապված են, թեև այդ մասին չի բարձրաձայնվում։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ վերջերս թուրք-ամերիկյան համաձայնության արդյունքում Թուրքիան պատրաստվում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո էլ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Վաշինգտոնի աջակցությամբ և «օրհնությամբ» մնալ այդ երկրում, ապա կստացվի Ղրիմից մինչև Քաբուլ ձգվող թուրքական ռազմական մի «կիսալուսին», որն աշխարհագրորեն փորձում է շրջափակել Ռուսաստանը և ռուսական կենսական շահերի գոտի Կենտրոնական Ասիան հարավից։
Այսինքն տեղի են ունենում խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնցում մի կողմից ներգրավված է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, իսկ մյուսից՝ թշնամին, մինչդեռ Երևանում, ըստ էության, չկա նույնիսկ ԱԳՆ։