Ընդդիմությունը պետք է կարողանա վերականգնել պետական կառավարման համակարգը։ Չպետք է պետական պաշտոնների նշանակվեն՝ «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքով։ Այս մասին «24 news» լրատվականի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նայենք կարևոր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կենսագրությունը։ Կենսագրություն չունի՝ ծնվել է, գնացել է դպրոց, համալսարան, դարձել նախարար։ Այդպես չի լինում։ Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք »,- նշել է Վանեցյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարման համակարգը պետք է վերականգնվի, ինչից հետո պետք է անմիջապես ՀՀ դերը բարձրացվի, արտաքին խաղացողների հետ մեր հարաբերությունները պետք է վերականգնվեն։
«Ի՞նչ են իրենք ասում, ասում են՝ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ։ Հեքիաթ»,- արձանագրել է գործիչը։
Դիտարկմանը, որ իշխանությունները հեռանալու նշաններ ցույց չի տալիս և որպես ընդդիմության ներկայացուցիչներ ինչպե՞ս են պատրաստվում աշխատել՝ Վանեցյանը նկատել է, որ իշխանությունը հատկություն ունի ժամանակի մեջ ուժեղանալու, ամրապնդվելու։
«Տեսնում ենք, որ իշխանությունը չի կանգնում ոչ մի բանի առջև։ Տոտալ օրենքների ոտնահարում։ Դատական համակարգն ինչ-որ մի ձևով փորձում էր դիմակայել իշխանությունների քմահաճույքներին, այն էլ ընտրություններից հետո տեսանք, թե ինչ եղավ դատական համակարգում։ ԲԴԽ նախագահին ապօրինաբար հեռացրեցին պաշտոնից, ՍԴ-ում ապօրինաբար փոխեցին բերեցին իրենց հաճո դատավորների և տեսնում ենք, որ տոտալ խախտվում են բոլոր օրենքները»,- նշել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարն՝ ընդգծելով, որ օրենքների խախտումը բերելու է ավտորիտարիզմի։
Վանեցյանը գտնում է, որ ընդդիմությունը պետք է նոր մեթոդներ մտածի՝ այս իշխանությունների դեմ պայքարելու և չի կարծում, որ փողոցային պայքարն այսօր կլինի էֆեկտիվ։
Աղբյուր` Փաստինֆո



