Ընդդիմության նպատակը ոչ թե Ղարաբաղի փրկությունն է, այլ իշխանափոխությունը: Նրանք ուզում են մեր տեղը գալ: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը միայն կոչեր ու կենացներ է հնչեցնում Ղարաբաղի առողջության համար, բայց բանը դրանից չի անցնում. «Բայց Երեւանի փողոցներում Ղարաբաղի դրոշը կախողները նրան չեն կարող փրկել։ Նրանք բոլորովին այլ նպատակներ ունեն»,- վստահեցրեց Հովհաննիսյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ներկայիս իշխանությունը կքննարկի Ղարաբաղի հարցը ընդդիմության հետ, պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմությանը մեկ անգամ չէ, որ հրապարակավ եւ մասնավոր կերպով հրավիրել են գնալ տարբեր փաստաթղթերին ծանոթանալու եւ որեւէ տեղեկություն ստանալու, որը դեռեւս հնարավոր չէ հրապարակել։
Նշենք, որ մայիսի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված ավանդական ճեպազրույցներին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին։ Լրագրողների հարցերին պատասխանեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները։