Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման շարունակականությունը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2024-ի հաջորդ ամիսների ընթացքում իրականացնելու համար հատկացնել 52.6 մլն դրամ:
Նշենք, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքում կփոխհատուցվի պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2 շահառուներից ստացվել են գրավոր դիմումներ՝ փոխնակ մործառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: Բացի այդ, այն շահառուներին, որոնց փոխնակ մոր հղիության ժամանակահատվածում ներկայացված դիմումների հիման վրա 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարբերաբար (հիմնականում՝ յուրաքանչյուր ամիս) հատկացվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում,կանխատեսվում է, որ առաջիկայում նրանցից ևս կստացվեն դիմումներ՝ հաշվի առնելով, որ նրանց երեխաները դեռևս չեն ծնվել: Այդ շահառուները 5-ն են: