Զելենսկին իսկապես վատ խորհուրդներ է ստանում, և ես չգիտեմ, թե ումից, նրա մոտեցումն ամոթալի է: Այս մասին National Pulse-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Նշվում է, որ Վենսը Զելենսկիի մոտեցումը որակել է որպես «խայտառակ» և «ամոթալի»՝ ընդգծելով, որ նման մարտավարությունը կարող է վտանգել Ուկրաինայի հարաբերություններն իր կարևոր դաշնակցի հետ:
«Զելենսկին իսկապես վատ խորհուրդներ է ստանում, և ես չգիտեմ, թե ումից։ Նա այլևս գործ չունի Բայդենի և Բայդենի վարչակազմի հետ։ Նրա գործը հիմա Դոնալդ Թրամփի և Թրամփի վարչակազմի հետ է։ Իհարկե, ուկրաինացիները կարտահայտեն իրենց տեսակետը, բայց նա հարձակվում է այս երկրի գոյության միակ պատճառի վրա, հրապարակայնորեն, հենց հիմա: Եվ դա ամոթալի է: Եվ դա այն չէ, որ կհամոզի Միացյալ Նահանգների նախագահին։ Իրականում դա հակառակ արդյունքն է ունենալու»,-նշել է Վենսը:
Նրա խոսքով՝ Թրամփն ունի մեկ նպատակ՝ դադարեցնել սպանությունները։
«Այս առավոտ ես խոսեցի նախագահի հետ, և նա անհավատալի կարեկցանք ու հիացմունք է տածում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ: Նա ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն։ Քանի որ նա չի ցանկանում, որ անմեղ ուկրաինացիները շարունակեն մահանալ։ Նախագահն ասաց, որ վարչակազմի նպատակը հակամարտությունը դադարեցնելն է… Զելենսկին պետք է լուրջ վերաբերվի դրան»,-ասել է Վենսը: