Քիչ առաջ, դեռեւս ընթացող հանրահավաք-երթի սկզբում եւ հատկապես վերջում, ապշանքով լսեցի ընդդիմության արդեն ժողովրդականություն վայելող առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը առաջիկա հունիսի 3-ից Հայաստանում գործող բոլոր կազմակերպություններից, խմբերից ու, փաստորեն, քաղաքացիներից իրենց դիրքորոշումը ճշտելու մասին հայտնելու՝ կո՞ղմ են ընդդիմության պահանջներին, թե՞՝ ոչ։
Ընկերներ, նիկոլիզմի հոտ է գալիս այդ հայտարարությունից՝ սեւ-սպիտակի, նախկին-ներկայի հոտ, որը ժամանակին պառակտում առաջացրեց մեր երկրում՝ նպատակ ունենալով պառակտված դիմագրավել ճակատագրական փորձությունները։
Ընկերներ, սա միջազգային պատմության մեջ կոչվում է հավատաքննություն։ Հավատաքննություն՝ որը հրապարակ է գցվում հենց այն պահին, երբ ամբողջ ազգն է զարթնում ու կողմնորոշվում գործող՝ պառակտիչ իշխանությանը մերժելու ուղղությամբ։ Ինչո՞ւ եք խանգարում ազատ, անբռնադատյալ այդ կողմնորոշման գործընթացը։ Մեր ժողովուրդը գտնվում է խորը ապատիայի մեջ, կրել է ծանր հարվածներ, տվել է ահռելի կորուստներ, գտնվում է միջազգային հակասությունների եւ հակամարտության բարդագույն իրավիճակի դիմաց կողմնորոշվելու պարտադրանքի տակ։ Թողե՛ք, որ նա ինքը իր ազատ կամքով, իր ներքին տրամաբանությամբ որոշի իր դիրքն ու անելիքը։ Հարց տալ, թե «դու ո՞ւմ կողմն ես», նման է բոլշեւիկյան հայտնի բանաձեւին։ Դա նման է ՀՅԴ Բյուրոյի նախկին հայտնի ղեկավարներից Վահան Նավասարդյանի բանաձեւին՝ «Ով կուսակցական չէ՝ մարդ չէ, ով դաշնակցական չէ՝ հայ չէ»։
Մարդը ազատ է իր ընտրության մեջ, եւ առավել արժեքավոր է այն մարդը, որն իր ազատ ընտրությամբ է գալիս եւ միանում ընդդիմությանը՝ ոչ թե ինչ-որ կուսակցության կամ խմբավորման, այլ՝ իր ազգային ինքնորոշման թելադրանքով։
Մի՛ արեք այդ բանը։ Դրանով ջուր եք լցնում նիկոլիզմի ջրաղացին, նրա՝ «ինձ հետ կամ իմ դեմ» կործանարար ջրբաժանին։ Մեզ ջրբաժան պետք չէ, մեզ պետք է միություն։ Հանուն հայրենիքի փրկության, Հայաստանի լինելիության, հանուն Արցախի իրավունքների, հանուն համազգային միասնության։
Եթե ուզում եք «կողմ» եւ «դեմ»-ը որոշել, անցկացրեք պրոֆեսիոնալ, արժանահավատ ու վստահելի հարցախույզ, բայց ո՛չ բաժանարար, կործանիչ նիկոլական գործելակերպով մարդկանց թշնամացում։
Մենք դա տեսել եւ տեսնում ենք։ Տեսել ու տեսնում ենք դրա կործանարար հետեւանքները։
Մի շփոթեցնեք համաժողովրդական շարժման միացողներին, որոնց թիվը օրեցօր թափ է հավաքում։
Իսկ վերջում՝ հանրահավաքներին ամբիոնը մի՛ տրամադրեք ռաբիզ երգիչներին. Նրանք էն գլխից, կամա թե ակամա, մեր ժողովրդին տարել ու տանում են դեպի թուրքացում, նույնիսկ իրենց «հակաթուրքական» երգերով։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ