Հանրային տրանսորտի թանկացման որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսում է Երևանի բնակչության օրինական շահերը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
Ըստ նրա՝ քաղաքային ներկայիս իշխանությունները, չանսալով երևանցիների բողոքին, ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին՝ որոշել են հարկադրանքի միջոցով ներդնել հանրային տրանսպորտի թանկացման ծրագիրը։
««Հայաքվե» միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում բոյկոտի գործողություններին։ Մենք քաղաքացիներին կոչ ենք անում հրաժարվել փետրվարի 1-ից վճարել նոր սակագներով, վարչական տույժերի դեպքում դիմել «Հավաքվե»-ի գրասենյակ Աբովյան 25 հասցեով՝ դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար»,- ասաց Կամենդատյանը։
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին հավելեց, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել երևանցուն, որպեսզի բոյկոտն արդյունավետ լինի։
«Մեր քաղաքացիների վարչական տույժերը բոյկոտի գործողությունների ողջ ընթացքում կփոխհատուցենք, ավելին՝ նաև նրանց իրավական պաշտպանությունը կապահովենք»,- ասաց Չալաբյանը։
Ասուլիսին ներկա «Հայաքվե» խորհրդի և վարչության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենց դիմելու դեպքում քաղաքացիները պետք է ունենան կայացված վարչական ակտ, որպեսզի «Հայաքվեն» կարողանա ապահովվել հետագա իրավական գործողությունները։