Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը. տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կտևի մինչև հոկտեմբերի 25-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի և Ֆրանսիայի Պուատիեի համալսարանի MIMMOC (Հիշողություններ, ինքնություններ, մարգինալներ ժամանակակից արևմտյան աշխարհում) լաբորատորիայի կողմից։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի խոսքով՝ միջազգային գիտաժողովի գաղափարն ու առաջարկը ծնվել էր համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի կողմից, ով վերջերս տպագրել է «Հայոց ցեղասպանության ճանաչումն Ամերիկայում» թեմայով գիրքը։
«Համատեղ քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել գիտաժողովը Հայաստանում՝ հաշվի առնելով նաև դրա քաղաքական կոմպոնենտը։ Արդյունքը բավականին դրական էր․մենք շատ մեծ թվով դիմումներ ստացանք աշխարհի տարբեր վայրերից և, ըստ էության, աշխարհագրությունն ընդգրկում է այն բոլոր երկրները, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է, ինչպես նաև այն երկրները, որոնք քննարկել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ճանաչել։ Այս գիտաժողովի ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչու որոշ երկրներում ունենք ճանաչման հանգամանքը, իսկ որոշներում՝ ոչ, նաև կքննարկենք, թե ինչ պետք է արվի, որպեսզի հասնենք դրան»,-ասաց տնօրենը՝ հայտնելով, որ գիտաժողովի բոլոր ելույթները կտպագրվեն գրքի տեսքով, որը կտարածվի տարբեր գիտական և ոչ գիտական կառույցներում։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի համոզմամբ՝ համաժողովը ապացույցն է նրա, որ, չնայած դժվար է հասնել արդարությանը և ցեղասպանության ճանաչմանը, սակայն թեկուզ դանդաղ, բայց գործընթացում հաջողություններ կան։
«Մեր երիտասարդներն այլևս չեն հավատում մարդու իրավունքների և այս ոլորտի կազմակերպություններին։ Նման միջոցառումների միջոցով, ինչպիսին սա է, մենք կարող ենք վերականգնել որոշակի վստահություն միջազգային հարաբերություններում և ցույց տալ, որ դանդաղ, բայց հաստատ քայլերով մենք վերականգնում ենք արդարությունը»,-ասաց Նակուզին։
Միջազգային այս համաժողովի հիմնական նպատակներից է վերլուծել և համեմատել Հայոց ցեղասպանության ճանաչման (կամ ճանաչելուց հրաժարվելու) գործընթացները մի շարք կառավարությունների, ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի ու տեղական կամ նահանգային մակարդակով հաստատությունների միջև՝ հասկանալու, թե երբ, ինչու և ինչպես են ոմանք հստակ դիրքորոշումներ ընդունում հօգուտ ճանաչման, իսկ մյուսները՝ երկիմաստ: