Երեկ վերսկսվեց «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, և օրն անսովոր թեժ էր: Գործող իշխանության հետևորդները փորձեցին սադրանք կազմակերպել Մարտունիում, տարբեր վայրերում սկսվել են ադմինիստրատիվ ճնշումները պետական սեկտորի աշխատակիցների վրա, իշխանամերձ լրատվամիջոցներում շարունակվում է անհեթեթ քարոզը, որ «Հայաքվեն» կարող է նոր պատերազմի բերել (այստեղ հատուկ աչքի է ընկնում տխրահռչակ Վահագն Ալեքսանյանին պատկանող civic.am կայքը), ստորագրահավաքին միացող մարդկանց նույնիսկ որոշ տեղերում փորձել են հետ պահել մասնակցությունից կամ էլ համոզել հետ վերցնել իրենց տված ստորագրությունները․ տեղեկացնում է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Չնայած գործող իշխանության այս բոլոր ճնշումներին և քստմնելի հնարքներին՝ «Հայաքվե»-ն ողջ թափով շարունակվում է: Երեկ մենք քվեարկության նոր կենտրոններ բացեցինք Հայաստանի ևս 5 համայնքում՝ Ալավերդիում, Նոյեմբերյանում, Բերդում, Վարդենիսում և Արթիկում, ամենուր առաջին իսկ օրից քաղաքացիների մեծ ակտիվություն է, գործող կետերում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը նույնպես շարունակվում է, երեկվա ընթացքում «Հայաքվե»-ին էին միանում բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնք պարզ և աներկբա մի հիմնավորում էին բերում՝ «Պարզունակ և կեղծ են բոլոր հակափաստարկները, իսկ Հայաքվեն այլընտրանք չունի»:
«Հայաքվե»-ն իսկապես այլընտրանք չունի, նա ստորագրահավաքի ավարտից հետո էլ դառնալու մեր կյանքի մասը, որպես համագործակցության նոր մշակույթ և պատասխանատու նոր գործելաոճ, քաղաքացիական համերաշխության նոր միջավայր, և մեր երկրի անցյալը, ներկան ու ապագան կապող նոր կամուրջ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով արդեն միացել է «Հայաքվե»-ին, դրանով արժևորել և իմաստավորել մեր ամենօրյա ծանր աշխատանքը, և ուրախությամբ սպասում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են միանալ մեր համազգային շարժմանը»։