Քրիստոնեության պատմության մեջ եղել են հայրապետեր, որոնք իրենց բարեպաշտության, հավատքի պայքարի, սրբակեցության, գիտելիքների, սքանչելի խոսքի համար դասվել են սրբերի շարքը։
Այդպիսի հայրապետ է եղել Հովհաննես Ոսկեբերանը, որը զեխության, քսմտելի արատների, ցոփության, անառակության մեջ թավալվող Կոստանդնուպոլսի բնակիչներին փորձում էր խրատներով ուղղել, հեռացնել պղծության մեղքից, ցույց տալ երկրային կյանքի կարճատև ունայնությունը։
398 թվականին Կ. Պոլսի պատրիարք դարձած հայրապետը եռանդով ու նախանձախնդրությամբ լծվել է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի շտկմանը։
Հովհաննես պատրիարքը սքանչելի, պերճախոս քարոզների համար արժանացել էր «Ոսկեբերան» անվանը։
Հիմա ընթերցողը մտածում է, թե ինչ կապ ունի ՀՀ ԿԳՍՄ նախարարուհին տիեզերական եկեղեցու սուրբ հայրապետի հետ։
Բանը նրանում է, որ այդ տիկինն իր ամուսնու՝ հեռուստատեսային մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ որոշակի շփոթության մեջ են և, ըստ երևույթին, ՀՀ ներկա վարչապետին նմանեցրել են Կ.Պոլսի սրբին։ Ամուսիններից մեկն ամենօրյա ռեժիմով վարչապետի մտքերն է տարածում հեռուստատեսային էկրանից, իսկ կինն այդ անձի բերանից դուրս ընկած ցանկացած միտք փորձում է դարձնել օրենք, կարգ և կանոն։
Մի տասն օր առաջ ՀՀ վարչապետը զրույցի ժամանակ հայտարարեց, որ հայոց պատմության փոխարեն դպրոցում պետք է դասավանդվի Հայաստանի պատմություն առարկա, և իբր թե իրեն են դիմել այդ հարցից քունն ու հանգիստը կորցրած մանկավարժներ և պատմաբաններ։Այդ հակահայ, հակաազգային, հայամերժ, հակագիտական հայտարարությունից ժամեր անց ԿԳՄՍ նախարարությունը կառավարության նախագծերի e-draft հարթակում տեղադրեց նախագիծ, որով սկիզբ դրվեց հանրային քննարկմանը։
Նախքան հանրային քննարկմանն անդրադառնալը, պատասխանել է պետք հետևյալ հարցերին։
1. Ովքե՞ր էին հիշատակված պատմաբանները, մանկավարժները, որոնք մինչև հիմա բացառիկ գաղտնիության մեջ չեն բացահայտվում:
2.Ակադեմիական ինչպիսի՞ հետազոտական փորձ և գիտելիք ունեն նրանք:
3. Որտե՞ղ, ե՞րբ է տեղի ունեցել այդ անձանց և ՀՀ վարչապետի ենթադրյալ հանդիպումը, եղե՞լ են գոնե ոչ շահագրգիռ այլ անձիք:
4. Ի՞նչ են մտածում այդ չկայացած հանդիպման գոյություն չունեցող մասնագետները Ադրբեջանի և ադրբեջանցիների պատմության մասին, մանավանդ եթե հիշենք, որ հարևան սուլթանատը ստեղծվել է 1918 թվականին, ժողովուրդ կոչեցյալն էլ մինչեւ 1936 թվականն ուներ «կովկասյան թաթարներ» անհասկանալի անվանումը։
Զվարճալի այս հարցերից անցում կատարենք e-draft հարթակի քննարկումներ։ Պարզվեց, որ յուրաքանչյուր օր հինգ հարյուր հայրենատեր, հայրենասեր քաղաքացիներից բացի, որոնք դեմ էին քվեարկում նախագծին և կատարում գրառումներ, կա գիշերային այցելուների մի ստվար զանգված, որն ամեն օր այցելում է հարթակ, կողմ քվեարկում և առանց որևէ գրառման, հեռանում։
Կողմ քվեարկող անհայտ անձանց մի զանգված էլ քվեարկում էր տառացիորեն մինչև աշխատանքային օրվա ավարտը, այսինքն՝ կարելի է ունենալ ողջամիտ կասկած, որ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում է կիրառվել, պետական, համայնքային ծառայողները աշխատանքի վայրերում «ահավոր» կողմ են եղել պատմության առարկայի անվան փոփոխության նախագծին և դա կատարել են իրենց ղեկավարների անմիջական հսկողության տակ։
ՀՀ պատմության ընթացքում դեռեւս չի արձանագրվել էլեկտրոնային քվեարկման որևէ դեպք, երբ առճակատումը լիներ այսքան շիկացած և կազմակերպված։
Ինքնազմակերպվող հայրենասեր քաղաքացիներին դիմակայում է ստալինիզմի ցենտրալիզմի ադաթներով ղեկավարվող ֆեյքային ինդուստրիան՝ մինչև ժամը 18.00-ը քվեարկող զանգվածով։
Ֆեյքերի ինդուստրիան իրենց ձեռքերում պահող կուսակցական ջոջերի մտքում աս է՝ մենք մեր վարչապետի հետ ենք մինչեւ վերջ, գնացեք սահման պահեք, վարչապետը մեզ փրկել է ստրկությունից։
Փաստացի մենք ունենք երկրում քաղաքական գործընթացներին խարդախությամբ միջամտելու, հանրային կարծիքի ձեւավորմանը խանգարելու հրաման ստացած և կրքոտ կերպով այն կատարելու նետված խումբ, որն էլ վստահաբար ֆեյքերի այդ բանակը պահելու, ֆինանսավորելու համար ֆինանսական լուրջ ծախսեր է կատարում։
Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են մեր երկրում նման կառույց, շտաբ, բրիգադիրներ, դրամարկղ, ստվերային ֆինանսներ ունեցողները:
Հուշման կարգով կարելի կարծել, որ այդ անձիք պետք է ունենան առնվազն հետևյալը՝
1.անձնական սերտ կապեր իշխանության քարոզչական ակտիվի հետ,
2.վիրտուալ տիրույթում փորձառու, անընդհատ թարմացվող համակարգ,
3.հազարավոր ֆեյք էլեկտրոնային հասցեներ և դրանց գրանցումը, վերագրանցումը, կիրառումն ապահովող անձնակազմ,
4.անվերահսկելի ֆինանսական շրջանառություն, սև դրամարկղ,
5.աշխատանքային 24 ժամվա ռեժիմ։
Այս ֆեյքային ինդուստրիան իշխանափոխությունից հետո պետք է բացահայտվի և կազմաքանդվի։
Վերադառնանք հանրային քննարկման հարթակին։
Վերջին օրերին հետաքրքիր լուր տարածվեց, որ քվեարկությանն սկսել են մասնակցել նաև հարևան սուլթանատի շահագրգիռ ներկայացուցիչները։ Առանձին ազերի օգտատերեր ջանասիրաբար կողմ քվեարկելու հանձնառությունն էին ձեւավորել՝ հասկանալով նախագծի ոչ հայանպաստ էությունը։
Հասկանալի է, որ շարքային ազերին ոչ edraft-ի տեղը գիտի, ոչ էլ քվեարկման ձևն ու իմաստը, վստահաբար, կարելի է կարծել, որ ազերիների էլեկտրոնային հասցեներից կատարվող «կողմ» քվեարկությունը կառավարվում է սուլթանատի հատուկ ծառայությունների ձեռամբ։
Փաստերը համադրելով՝ կարելի է արձանագրել, որ հայկական ֆեյքը և ազերին կատարում են նույն գործողությունը, երկուսն էլ կողմ են հայոց պատմության առարկայի անվանման փոփոխությանը։ Միայն այն տարբերությամբ, որ տեղի ֆեյքին հանձնարարել են ոչինչ չգրել, իսկ ազերին հայերեն չի կարող գրել անգամ մեծագույն ցանկության դեպքում։
Քաղաքական կրկես և ախոռ հիշեցնող այս իրարանցմանը լավագույնս արձագանքեցին ԵՊՀ պատմության ամբիոնի դասախոսները, որոնք իրենց հայտարարության մեկնաբանությամբ մասնագիտորեն ջախջախեցին և ցույց տվեցին, որ հրապարակ իջեցված նախագիծը հակագիտական է, հակահայ նպատակներով, անհիմն և զուրկ տրամաբանությունից։
Որպես վերջաբան։
1. Հանրությունը ԿԳՄՍ նախարարության նախագիծը չի ընդունել. դրա ապացույցն են մի քանի հազարի հասնող «դեմ» քվեարկումները, մի քանի հարյուր հիմնավորված դիտարկումները։
2.Ակնհայտ է, որ նախագծի քվեարկության ընթացքում կիրառվում են ֆեյքային միջամտություն և էլեկտրոնային լցոնումներ։
3.Ակնհայտ է, որ վիճարկելի նախագիծը հարևան թշնամական երկիրը քաջալերում է և սատարում։
Ելնելով վերոհիշյալ իրողություններից՝ ԿԳՄՍ նախարարուհուն հորդորում ենք՝
1. վիճելի, կասկածելի նախագիծը ետ կանչել և վերջապես հասկանալ, որ հայ դպրոցը, հայոց պատմությունը, դրա դասավանդումը արգելող, խաթարող ցանկացած անձ պարտվում է և խայտառակվում։
2. դիմել ՀՀ կառավարության էլեկտրոնային քվեարկման e-draft հարթակի տեխնիկական ապահովման պատասխանատուներին՝ պարզելու և ապագայում արգելափակելու թշնամի երկրներից քվեարկելու հնարավորությունը։
Ընդամենը հիշեք Կովկասի փոխարքա Գոլիցինին, որը հայկական դպրոցները փակելու, հայ առաքելական եկեղեցու գույքը, միջոցները բռնագրավելու տխրահռչակ նախագծին եռանդուն մասնակցության հետևանքով կորցրեց իր պաշտոնը հեռավոր 1903-1905 թվերին։
Կովկասի ամենակալ փոխարքան հեռացվեց հենց նախագիծը հորինած և հաստատած ցարի հրամանով։
Կից տեղադրում եմ Ֆբ հարթակում ինչ որ ազերի օգտատիրոջ որոշ մտքեր։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ