Այն գնահատականները, որ՝ «Տեսեք, իշխանությունները արտաքին վեկտորը փոխեցին», իրականությանը չեն համապատասխանում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Հայաստանը վերջին շրջանում մեղմացրել է իր հռետորաբանությունը ՌԴ-ի հանդեպ:
«Կա մի իրականություն, որ ՀՀ-ն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է։ Երբ որ իրեն խաբում են, «քցում են»՝ դա արձանագրում է և բարձր ասում է: Երբ որ մի բանի հետ համաձայն չի, դրա մասին ասում է, երբ որ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է: Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունները, և նույնը վերաբերում է Ռուսաստանին:
«Այն բաները, որ տեղի են ունեցել 2020 թվականին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024-ին, մեր վերաբերմունքը, մեր հարցադրումները նույնն են մնացել, որևիցե բան չի փոխվել:
Հիմա կա խոսակցություն, քաղաքական գործչի աշխատանքը հենց դրա մեջ է, որ այդ խնդիրների շուրջ խոսի և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն լինի, Ալեն Սիմոնյանն պատասխանեց՝ չի կարծում։
« ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչ վերանայենք, ՀԱՊԿ-ը պետք է մի հատ վերանայի իրեն, հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի:
Եթե ինքը գոյություն ունի, ապա հայտարարի, թե որտե՞ղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ունի ինքը հայտարարում է, ապա ինքը ի՞նչ պետք է անի և ինչ չի արել և ինչ է արձանագրում»: