Սա իրավապահների և քաղաքական ուժի միջև պլանավորված արշավ է՝ քաղաքական հետապնդում ընդդիմադիր անձանց նկատմամբ, այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Ես շատ լուրջ մտավախություն ունեմ, որ սա ամենևին էլ կապված չէ ընտրությունների հետ։ Առաջիկայում մեզ սպասվում են պրոցեսներ, որոնք շատ ավելի վատ հետևանքներ կարող են ունենան։ Խոսակցություն կա, որ հուլիսի վերջին ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի, Բագրատ սրբազանն էլ այդ մասին ասել է։ Եվ դրա դեմ ցանկացած ընդվզում այս եղանակներով փորձում են կասեցնել»,- ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը հրապարակել է ձայնագրություններ, և ոչ մասնագետի համար անգամ արդեն ընկալելի է, որ ձայնագրությունները մոնտաժված են։
Նա հիշեցրեց, որ ՔԿ նախագահը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե մնացածը կենցաղային խոսակցություններ են։
«Եթե դրանք կենցաղային խոսակցություններ են, ապա որևէ անհրաժեշտություն չկա դրանք թաքուն պահելու, հրապարակեք, հասկանանք, թե այս հատվածները, որոնք առանձնացված են, ինչ կոնտեքստից են վերցված, որպեսզի հասկանանք՝ այդ արտահայտություններն ամբողջակա՞ն միտք են պարունակում, թե ոչ։ Դրանք ձևավորված են նո՞ւյն ժամանակահատվածում, թե տարբեր օրերի խոսակցություններից։ Դրանք ի՞նչ ինտոնացիայով են ասված, արդյոք հումորայի՞ն են, թե չարամիտ դիտավորություն է։ Այն նյութերը, որոնք տրամադրվել են մեզ նախաքննության ընթացքում, որի բովանդակությունը չեմ կարող հրապարակել, դրանց պարզ համադրությունից պարզ դարձավ, որ այնտեղ ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են, այլև տարբեր հատվածներից ամբողջական նախադասություններ են հավաքել, որոնք և տարբեր օրերից են, և նույն խոսակցության տարբեր հատվածներից են ու էականորեն աղճատում են բովանդակությունը»,- ասաց փաստաբանը։
Հովհաննես Խուդոյանը շեշտեց՝ գլխավոր դատախազը, ԱԺ-ում միջնորդագիրը ներկայացնելիս, կատարում էր ակնհայտ սուտ պնդումներ, որպիսիք չէին բխում իր իսկ ներկայացրած նյութերի բովանդակությունից։
«Մասնավորապես, պատասխանելով հարցերին՝ ասում է, որ գործողությունները պլանավորվում էին 2025 թվականի սեպտեմբերին, սակայն ի պատիվ ընդդիմադիր պատգամավորների՝ այդ սուտը բռնվեց, և ստիպված էր հերքել»,- նշեց փաստաբանը։
Նա միաժամանկ հավելեց, որ միջնորդություններ են ուղարկելու ՔԿ և նախաքննությանը, որպեսզի իրենց թույլ տան հրապարակել նախաքննական գաղտնիք։ Ըստ Խուդոյանի՝ այդ տվյալների հրապարակումով հանրությունը շատ հստակ կիմանա՝ ով է մանիպուլացնում, ով է կեղծ տեղեկատվություն ներկայացնում։
«Եվ հրապարակեք այն ձայնագրությունները, որոնք ՔԿ նախագահի պնդումով՝ կենցաղային բնույթ ունեն։ Ինչո՞ւ եմ ես պնդում, որ իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ. որովհետև իրենք շատ ինտենսիվ փորձում են հերքել բոլոր հակառակ խոսքերը, որոնք գալիս են պաշտպանության կողմից։ Բայց երբ ապատեղեկատվություն է գնում իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իսկ ներկայությամբ, օրինակ, ԱԺ-ում, որևէ հերքող արտահայտություն չեն հնչեցնում։
Օրինակ՝ երբ ասում են, որ «ավտոբուսներ պետք է վառվեին», գործի նյութերում ընդհանրապես նման տվյալ չկա, բայց ՔԿ-ն կամ գլխավոր դատախազությունը գեթ մի նախադասություն չեն ասել, որ այս տեղեկությունն այսպես մի տարածեք, դա իրականությանը չի համապատասխանում։ Կամ երբ գլխավոր դատախազին հարցնում են՝ արդյոք Կաթողիկոսը կարո՞ղ էր որևէ ձևով մասնակցություն ունենալ այս ամենին, նյութերում գեթ մեկ նման տվյալ չկա, բայց ինքը, լղոզելով ու շրջանցելով հարցը, փորձում է պահել այդ ինտրիգը, որ, այո, գուցե նաև կապված լինի, եթե այդպիսի տվյալներ լինեն թեկուզ կասկածի մակարդակով, կգնանք նրանց հետևից։
Եվ սրանով սնուցում են այն ագրեսիան, որն այսօր ուղղված է ինչպես Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այնպես էլ նրա պաշպանությանն ուղղված ցանկացած անձի կամ խմբի դեմ»,- ընդգծեց Խուդոյանը։
Լրագրողները հարցին՝ «մարդանց գյուլլելու» մասին խոսակցություններն ինչի՞ մասին են կամ ինչ համատեքստում է ասվել։
«Ինչ էին ուզում անել՝ դա միշտ հրապարակային է եղել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Ինչ մեթոդներով էին ուզում անել՝ այստեղ գալիս է հակասությունը։ Ես պնդում եմ, որ բոլոր քննարկումները գնացել են խաղաղ անհնազանդությունների շուրջ։ Գործողություններ, որոնք նկարագրվում են՝ ծուխ վառել, ինչ-որ բան փչացնել, դրանք քննարկումներ են, որոնք փողոցային պայքարի գործիքակազմ են։ Ապօրինի բան այնտեղ չի պլանավորվել։ Իսկ այդ հարցը քննարկվել է մահապատժի իրավաչափության կամ ոչ իրավաչափության շրջանակներում՝ արդյոք ՀՀ-ում պե՞տք է լինի մահապատիժ, թե ոչ։
Կոնտեքստն ինձ հայտնի չէ ամբողջությամբ, բայց ունեմ տվյալ, որ դա կտրված է կոնտեքստից։ Եթե ամբողջական հրապարակվեր, բոլորս կհասկանանք, որ կամ այս կողմն է սխալ ասում, կամ այն կողմը։ Քննարկում եղել է, ես ունեմ տվյալ, որ դա եղել է ընդհանուր և պետական դավաճանների, և թմրավաճառների, ընդհանրապես պետությանը սպառնացող վտանգների կանխարգելման, պետություն առողջացնելու գործընթացի շրջանակում։ Դա ներկայացնել, որ պլանավորվում էր այդ գործընթացների ընթացքում մարդ սպանել, մանիպուլյացիա է»,- ասաց Խուդոյանը։





