Ապրիլի 17-ից Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը վստահ է, որ դիմադրության շարժումն օր օրի հզորանալու է։ Նա այս ընթացքում հազարավոր մարդկանց է հանդիպել, որոնք չեն վստահում այսօրվա իշխանություններին և ուզում են, որ նրանք օր առաջ թողնեն երկրի ղեկը։ Վանեցյանը վստահ է, որ հնարավոր է Արցախը փրկել, պահպանել Հայաստանի պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, պարզապես այս իշխանությունների հետ ոչ ոք հաշվի չի նստում՝ ո՛չ դաշնակից, ո՛չ թշնամի պետությունները։
«Պետք է բանակը ոտի կանգնեցնել, առանց բանակի, չկա Հայաստանի անվտանգություն։ Այս իշխանությունն է բերել պատերազմ, ընդդիմությունը պատերազմ չի բերելու, թող իշխանությունը չփորձի մոլորեցնել հանրությանը»,- ասել է Վանեցյանը։
Իշխան Սաղաթելյանը ևս այլընտրանք չի տեսնում, միակ օրակարգը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, հաջորդիվ ընդդիմությունը լծվելու է Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագրին։ Հարցին, թե ունի՞ ըննդիմությունը վարչապետի իր թեկնածուին, Սաղաթելյանը պատասխանել է, որ իրենց շարքում ոչ ոք չի հավակնում վարչապետի պաշտոնին, դա երկրորդական հարց է, քանի դեռ կա առաջնայինը՝ Նիկոլին հանել երկրի ղեկից։
«Ես պայքարում եմ ոչ թե Հայաստանի վարչապետ դառնալու համար, այլ որպեսզի Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։