Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանիե-Ռունաշերն անընդունելի է համարել COP29-ի բացման ժամանակ Ալիևի արտահայտությունները Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ:
«Անընդունելի են հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների վրա։ Ադրբեջանը կլիմայի փոփոխության դեմ պայքարն օգտագործում է իր անձնական շահերի համար։ Այս հարձակումները CCNUCC-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողով-խմբ.) վարքագծի կանոնների կոպիտ խախտում են:
Անպատասխան չի մնա։ Հեգնական է նաև, որ Ադրբեջանը՝ ռեպրեսիվ և ազատությունից զրկող ռեժիմը, դասեր է տալիս մարդու իրավունքների մասին։ Ես չեմ մեկնի Բաքու: Ես նաև ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ ֆրանսիական բանակցային խմբերը կաշխատեն անխոնջ, իմ հեռահար աջակցությամբ և մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակչությունը: Մենք կշարունակենք պնդել Փարիզի համաձայնագրի իրականացման հարցում ամենահավակնոտ նպատակները»,- ասել է նա։
Իր հերթին Ֆրանսիան ներկայացնող եվրապատգամավոր Նատալի Լուազոն իր թվիթերյան էջում կիսվել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարի ելույթով:
«Անկախ տարաձայնություններից՝ Կլիմայի փոփոխության համաժողովը պետք է լինի մի վայրում, որտեղ բոլոր կողմերը կարող են ազատորեն հավաքվել և բանակցել կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերի շուրջ: Վիրավորանքները բարյացակամ մթնոլորտ չեն ստեղծում։ Պետք է եվրոպական համերաշխություն լինի նման անպատշաճ պահվածքի դեմ»,-նշել է Լուազոն: