Քիչ առաջ մի խումբ մարդկանց ուղեկցությամբ ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ ժամանեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
Նա լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ անվտանգություն չունի, իրեն ուղեկցողներն իր թիմակիցներն են, մասնագետներ, որոնք իրեն պետք է ուղեկցեն այս գործընթացում։
«Իմ լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում՝ նաև ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «Էներգետիկայի մասին» օրենքով, ՓԲԸ–ների մասին օրենքով։ Ես, որպես ՀԷՑ ՓԲԸ–ի ժամանակավոր կառավարիչ, իմ լիազորությունները իրականացնելու եմ օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ Հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների։
Այսօր իմ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ։ Քանի որ ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ, որոշումն ուժի մեջ է մտել ծանուցման պահից, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար ինձ անհրաժեշտ էր նաև այդ որոշումից բխող լիազորությունները գրնցել նաև ԱՆ պետռեգիստրի գործակալությունում, ինչը այս առավոտ արդեն տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ես ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները»,–ասաց նա՝ հավելելով, որ նման պաշտոնյաների համար աշխատաժամանակը նորմավորված չէ, կարող է այսօր աշխատել մինչև երեկոյան ժամը 23–ը, այսինքն՝ 12 ժամ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:





