Փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման ևս 17 մասնակցի գործով դատական նիստի ժամանակ, դիմելով դատավորին՝ ընդգծեց, որ դահլիճում իրավունքի գերակայություն չի տեսնում։
«Փաստացի մեր լավ գործընկեր Հովսեփ Սարգսյանը ներկա չէ դատական նիստին, մեղադրյալներից մեկը անպաշտպան է, բայց նիստը շարունակվում է։ Հիմա ո՞վ է պաշտպանելու այդ մեղադրյալին»,- հարց հնչեցրեց նա։
Հիշեցնենք, որ դատական նիստն ընթանում է առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի ներկայության։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ և չի կարող մասնակցել դատական նիստին։
«Ես տեսնում եմ, որ մենք անգամ տարրական նորմը չենք կարողանում հարգել։ Հանուն ինչի՞։ Ես պատրաստ եմ քրեական դատավարության օրենսգրքի ցանկացած նորմի խախտման ըմբռնումով մոտենալ, եթե դրա մյուս նժարին իրավունքի գերակայությունն է դրվում։ Ես այս դահլիճում իրավունքի գերակայության մթնոլորտ չեմ տեսնում»,-ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պատճառով Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էր բոյկոտել դատական նիստը և հեռացել դատարանի դահլիճից։