Հոկտեմբերի 15-ին, ինքնաթիռում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողներին հայտնել է, որ պետքարտուղար Բլինքենը նորից է մեկնում Իսրայել։
Նա, «Timeturk.net»-ի վկայությամբ, ասել է, որ պետքարտուղարը նախ կայցելի Հորդանան, Քաթար, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ ու Եգիպտոս, ապա մտքեր փոխանակելու նկատառումով վերստին կուղևորվի Իսրայել: Նա միաժամանակ հիշեցրել է պետքարտուղարի Իսրայել կատարած նախորդ՝ հոկտեբերի 12-ի այցի մասին, որի ընթացքում Բլինքենը, բացի արտգործնախարար Կոհենից, հանդիպել էր նաև վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ և բառացի ասել. «Ես այստեղ եմ գտնվում ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար, այլև որպես հրեա»:
Ի դեպ՝ պետքարտուղար Բլինքենը այդ այցի շրջանակում նույնպես եղել էր արաբական վերոհիշյալ երկրներում՝ շրջանցելով Թուրքիան: Այս հանգամանքը լրջորեն պիտի մտահոգեր թուրքական քաղաքական շրջանակներին. թուրք քաղաքագետներն ու անկախ դիտորդները տարածաշրջանում ծավալվող գործընթացներից Թուրքիայի վտարման մտահոգություն հայտնեցին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV»-ի էկրանից:
Վտարման պարագային խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, մանավանդ որ նախագահ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հանդես էր եկել միջնորդական առաքելությամբ, երբՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցը՝ «Իզզ ադ-Դին ալ-Կասսամ» բրիգադը, հարձակվեց Իսրայել-Գազա սահմանին տեղակայված Բեյթ Խանուն անցակետի վրա, ներթափանցելով Իսրայելի տարածք՝ գրավեց մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սպանվել է 1300 իսրայելցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Թուրքիայի նախագահի այս առաջարկը, սակայն, որևէ արձագանք չէր գտել ո՛չ Իսրայելում, ո՛չ էլ Գազայի հատվածում, որովհետև Իսրայի հետ Էրդողանին չեն վստահում նաև Գազայում, ՀԱՄԱՍ-ը՝ նմանապես:
Օգտվելով առիթից՝ նշենք, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ն իշխանության է եկել 2005 թ., 365 քմ. կազմող այս տարածքի բնակչությունը 2.3 մլն է։ Հոկտեմբերի 16-ի տվյալներով՝ Գազայում զոհված պաղեստինցիների թիվը իսրայելական հարձակման 10-րդ օրն արդեն գերազանցել է 7 500-ը, իսկ վիրավորներինը հասել է ավելի քան 9 500-ի:
Հակոբ Չաքրյան