Ուսուցիչները բողոքի ակցի էին կազմակերպել, այս անգամ՝ Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանք դժգոհ են նոր չափորոշիչներից, էլեկտրոնային մատյաններում՝ emis.am-ում, ամենօրյա երկարածավալ գրագրություն անելու պահանջից։ Աշխատավարձերն իջեցվել են, գրավոր աշխատանքների համար ուսուցիչն այլևս գումար չի ստանում, դա էլ են կրճատել։ Կրճատվել է նաև դասղեկության գումարը։
Բողոքի մասնակից ուսուցիչների մեջ կան կամավոր ատեստավորում անցած մանկավարժներ, սակայն նրանցից ոչ մեկը 400-500 հազար դրամ աշխատավարձ չի ստանում, ինչպես շարունակաբար հայտարարում են Նիկոլ Փաշինյանն ու նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ես կամավոր ատեստավորում եմ անցել, հազիվ 300 հազար դրամ եմ ստանում՝ մեթոդմիավորման ու դեսաղեկության աշխատանքներն էլ գումարած։ Չեմ ճանաչում մեկին, որը 400 հազար ստանա։ Բայց մեր խնդիրը միակն աշխատավարձը չէ։ Մենք մեզ նսեմացված ենք զգում, ինչքա՞ն պիտի ճզմեն մեզ, ինչքան պիտի իրենց անհեթեթ պահանջները կատարենք. լույսը բացվում է, մինչև ուշ գիշեր էլեկտրոնային մատյաններում գրագրություն ենք անում։ Սա կրթությանը, երեխաներին, մեզ ու առհասարակ ոչ մեկին ոչինչ չի տալիս։ Մենք, փոխանակ զբաղվելու երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ, համակարգիչների առաջ ենք նստած»,- ասաց բողոքի ցույցի մասնակիցներց մեկը։
Մյուս մանկավարժը բողոքեց, որ դրույքաչափերն իջեցվել են, տարրական դասարաններում մեկ դրույք է համարվում 18 ժամը, միջին դասարանում՝ 20-ը, իսկ բարձրում՝ 22 ժամը։ Ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ։
Հազարավոր ուսուցիչներ ստանում են 50-80 հազար դրամ աշխատավարձ, իսկ կառավարության ղեկավարն անընդհատ թմբկահարում է 400 հազար, 500 հազար։ Որտեղի՞ց են այդ թվերը, երբ այդքան ստացող ուսուցիչ չկա։
Սեպտեմբերի 12-ին ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի ակցիայի արդյունքում Հանրակրթության վարչության պետը հայտարարեց, թե էլեկտրոնային մատյաններում նոր գրագրության՝ նպատակի ու վերջնարդյունքի մասին շարադրելու կարիք չկա։
Սակայն պարզվում է, որ պահանջը ժամանակավորապես է դադարեցվել. ուսուցիչներին հանձնարարվել է սովորել նոր գրագրությունը, իսկ մինչ այդ, պլանն ու մյուս մանրամասնությունները լրացնել հին ձևով։
Բնագիտական առարկաների ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է, իսկ մյուսներինը՝ ոչ։ Բարձրացվել է, որպեսզի այդ մասնագետներին շահագրգռեն զբաղվել մանկավարժությամբ։ Հայտնի է, որ հատկապես անցյալ տարի անգամ Երևանի համբավավոր դպրոցները քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի ուսուցիչ չունեին։ Մանկավարժի ծանր ու ցածր վարձատրվող աշխատանքը գրավիչ չէ։
Բացի այդ, Փաշինյանն էր հայտարարել, չէ՞՝ մեզ դիմում են ուսուցիչներ՝ պարեկ դառնալու համար։
Որովհետև այսօր մեր երկրում պարեկը, որից աշխատանքի անցնելու համար ոչ մի կրթություն չի պահանջվում, եռակի անգամ շատ է վարձատրվում, քան ուսուցիչը, պայմանագրային զինծառայողը, գիտնականը։
Սակայն ակնհայտ է խտրական մոտեցումը. բնագիտականների աշխատավարձը բարձրացել է, մյուս առարկաներինը՝ ոչ։
«Պարոն վարչապետ, այո՛, սպառել ենք բոլոր օղակները և հասել ենք վարչապետի օղակին։
Ուսուցիչը օպերատոր, ծրագրավորող չէ։ Մենք ստեղծագործող մարդիկ ենք։ Դասագիրք չունենք, մենք դասագիրք ենք ստեղծում, դաս ենք ստեղծում։ Մի հատ էլ ծրագրավորողի աշխատանք՝ առանց վարձատրության, մենք չենք պատրաստվում անել»,-հայտարարեցին ուսուցիչները։
Եթե վարչապետն ուսուցիչներին չընդունի, նրանք ծայրահեղ քայլի են դիմելու։
35 հազար ուսուցիչ պատրաստ է աշխատանքից ազատվելու դիմում գրել։