Թեև ավտոբուսների վարորդների պահանջներն արդարացված են, սակայն 100 տոկոսով համաձայն եմ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի դիտարկումների հետ, այն է՝ վարորդները վաղուց պետք է նախաձեռնած լինեին արհմիությունների ստեղծումը։ «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով քննարկման ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։
«Պրակտիկորեն մեր պետության ներսում երկար ժամանակ արհմիություններ գործել են, բայց դրանց դերը փաստացի չի գնահատվել, երևի դրանք շատ ակտիվ չեն գործել։ Աշխատակիցների մեղքն է և միաժամանակ նրանց մեղքը չէ, որ նրանք չգիտեն բոլոր ընթացակարգերը»,- ասաց նա։
Բանախոսի խոսքով՝ գոյություն է ունեցել մի համակարգ, որին մասին քաջատեղյակ է եղել նաև գործող իշխանությունը. խոսքը սև շրջանառության մասին է։
«Հարց է առաջանում. այժմ, եթե համայնքային բյուջեում գումարներ են ավելանում՝ օրական 5 միլիոնի չափով, ինչո՞ւ այդ գումարները չեն ուղղվում վարորդների սոցիալական խնդիրների թեթևացմանը։ Բնական է, որ առաջանում է սպոնտան շարժում։ Վստահաբար, քաղաքապետարանը երկար ժամանակ անտեսել է վարորդների պահանջները, բայց նրանց հետ չեն խոսել»,- ասաց Արամ Թորոսյանը։
Քննարկամն մյուս բանախոս Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ իր հերթին հավելեց, որ այսօրվա գնաճի պայմաններում դժվար է գոյատևել մինչև անգամ 400 հազար դրամ աշխատավարձի պայմաններում։
«Մենք նույնիսկ չունենք հստակ հետազոտություն՝ իրապես գնաճ ունենք, թե ոչ։ Մենք հիմա նախաձեռնել ենք նման հետազոտություն, որի արդյուքնները պատրաստ կլինեն արդեն փետրվարին։
Վարորդները խոսում էին նաև արտաժամյա աշխատանքի մասին, բայց արդյոք այդ աշխատանքը վճարվում է, և արդյոք վճարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն»,- ասաց Մանասերյանը։