Նախ պետք է մշակույթ ունենան, հետո նոր մշակութային մայրաքաղաքի մասին մտածեն։ Ադրբեջանցիները մշակույթ չունեն, ազգը մշակույթ չունի, ի՞նչ մայրաքաղաք: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Շուշին իրենց մշակութային մայրաքաղաք հռչակելու հայտարարությանը։
Ճարտարապետը շեշտեց՝ Շուշին հայ ազգային մշակույթի մայրաքաղաք է եղել ամբողջ Կովկասում։ «Եթե կառավարություն ունենք, թող պատասխանեն։ Կառավարությունում, առանց բացառության, բոլորը սիրողական մակարդակի են, գոնե թող դիմեն ՀՀ ԳԱԱ արեւելագիտության եւ արվեստի ինստիտուտներին, պաշտոնապես գիտական տեղեկություն ստանան եւ միայն այդ հիմքերով Ադրբեջանի հետ խոսեն։ Եթե կրկին սիրողական մակարդակով պատասխանեցին, այս անգամ եւս կփչացնեն ամեն ինչ»,- նշեց Իգիթյանը։
Ադրբեջանը մեր քաղաքակրթական, մշակութային եւ կրոնական արժեքների նկատմամբ անհանդուրժողականություն է ցուցաբերել անգամ պատերազմի ընթացքում, օրինակ՝ միտումնավոր մի քանի անգամ ռմբակոծել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։ Հաշվի առնելով այս փաստը՝ ճարտարապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մեխանիզմներով է կառավարությունը Շուշին փրկելու մշակութային վանդալիզմից: Ճարտարապետը պատասխանեց․ «Որքան գիտեմ, չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ պաշտոնապես ասել են, որ հուշարձանների պահպանությունը երաշխավորվում է։ Հիմա, եթե երեք ղեկավար այդ մասին պայմանավորվում է, ո՞նց են խախտելու»։
Հ․Գ․ Օրերս Ալիեւը մշակույթի նախարարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ Շուշին հայտարարում է ադրբեջանական մշակույթի մայրաքաղաք։ Նա նաեւ նշել է, որ Շուշին վերականգնելու աշխատանքներն արդեն սկսվել են: «Իմ հանձնարարությամբ այնտեղ մեծ պատվիրակություն է գործուղվել։ Անհրաժեշտ է ստուգել բնակարանային ֆոնդը, պատմական հուշարձանները, ճշգրիտ հաշվարկել վնասը և սկսել Շուշիի վերականգնումը: Այնուամենայնիվ, Շուշիի բնօրինակը, պատմական պատկերը պետք է վերականգնվի՝ առանց ժամանակ կորցնելու, բայց, միևնույն ժամանակ, առանց շտապելու»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Լիանա Սարգսյան
Yerkir.ak