Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները տեր կանգնեն հայորդիներին։
Գերեվարված զինծառայողի մայրը՝ տիկին Հայկուշը, «Փաստինֆո»-ին բոլոր ծնողների անունից հատնեց, որ պահանջում են գերեվարված զինծառայողներին վերադարձնել հայրենիք։ Ճանապարհները փակ կմնան այնքան, մինչև Շիրակի մարզից գերեվարված տղաները չվերադառնան։ Երեկ ծնողները դատարկ օդանավի վարէջք կատարելուց հետո եղել են կառավարության շենքի մոտ, հանդիպում են պահանջել վարչապետի հետ, սական ոչ ոք նրանց կառավարություինից չի ընդունել։
«Երեկ ծնողներով եղել ենք այնտեղ։ Վարչապետը, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը ու ոչ մեկ չեն բարեհաճել մեզ հետ հանդիպել, մեր հարցերին պատասխանել։ Եթե իրենք արհամարհում են մեզ, ուրեմն մենք արհամարհում ենք բոլորին։ Այս պահի դրությամբ Շիրակի մարզի բոլոր ճանապարհները փակ են։ Մինչև մեր տղաները չգան, այս ճանապարհները չեն բացվի»։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի Բաքվից ուղեւորված օդանավը՝ հայ ռազմագերիներով: Այդ կապակցությամբ գերիների հարազատները հավաքվել էին օդանավակայանի մոտ: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ օդանավը դատարկ է վայրէջք կատարել։ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է։
«Էրեբունի օդանավակայանում մենք բոլորս սպասում էինք, որովհետև իմացել էինք, որ ինքնաթիռ է թռել Բաքու։ Մուրադովը գնացել էր, մեր հույսը եղել է ան, որ մեր տղաները պետք է վերադառնան։ Մեզ հայտնել էին` սպասենք լավ լուրի, լավ լուրն էլ մեր տղաների վերադարձն է, մենք էլ սպասել ենք այնտեղ։ Կառավարությունից էլ են ասել` սպասել լավ լուրի։ Եթե վարչապետը գնացել էր Մոսկվա, այնտեղ առաջնային պետք է քննարկեր գերիների հարցը։ Եթե վերադարձել է Հայաստան ու մեզ ասելու բան չունի, ուրեմն մենք իրեն կսպասենք այստեղ։ Եթե ի վիճակի չեն այդ հարցին պատասխանելու, ուրեմն վերջնական մենք կդիմենք արդեն Ալիևին»։
Հարազատները փաստեցին պահանջը միայն մեկն է՝ հարազատների վերադարձը, այլ պահանջ չունեն։
Աղբյուր` Փաստինֆո