Երբ մենք զգուշացնում ենք, որ խաղաղության ուղուց շեղվելը տանում է պատերազմի, ասում են՝ ինչի եք շանտաժ անում։ Շանտաժ չենք անում. բոլորդ ազատ եք ընտրել ընդդիմությանը, ուղղակի խնդրում եմ գիտակցել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, եթե իրականա «Գյումրի 2» սցենարը, մենք ստանալու ենք պատերազմ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր կրկին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է գնա խաղաղության ճանապարհով, ընդդիմությունն ասում է՝ հակամարտության ճանապարհով։ Այստեղ ո՛չ շանտաժ կա, ո՛չ սպառնալիք։ Կարող եք ընտրել ընդդիմությանը. դա կլինի ձեր վերջին ընտրությունը, որովհետև ընտրությունները նորից կսկսեն կեղծվել, բայց կարող եք ընտրել ընդդիմությանը։ Էլի նորից կաշառակերությունը կվերադառնա, բայց Քոչարյանի 200 միլիոնը չի վերադառնա, կմնա իրեն։
Բայց ամենակարևորը՝ մենք ստանալու ենք պատերազմ։ Դուք նորից կտեսնեք իշխանականներ, որոնք խրոխտ կենացներ են խմում, որոնք ասում են՝ էսինչը մերն ա, էնինչը մերն ա, Ղարաբաղի էջը փակված չէ։ Բայց արդյունքում կստանանք պատերազմ, նոր զոհեր, նոր տարածքային կորուստներ։ Բայց Դաշնակցության գործերն, օրինակ, շատ լավ կգնան, որովհետև Հայաստանի տարածքները կփոքրանան, իսկ Հայ դատի թեմաները կշատանան։ Զոհերը կշատանան, լացուկոծը կշատանա, լացուկոծով խրոխտ ռիլերը կշատանան։ Դրա համար պետք է կատարենք ճիշտ ընտրություն։
Սա ոչ շանտաժ է, ոչ սպառնալիք է, այլ պարզ ընտրության ձևակերպում, և այդ ընտրությունը լինելուն է հունիսի 7-ին»,- ասաց Ռուբինյանը։





