ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 1-ից, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։
Լիակատար աջակցություն հայտնելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծելով «օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռնարկված չափազանց կարևոր քայլերը», Էլինա Վալտոնենը նշեց՝ չնայած խոչընդոտներին՝ Հայաստանի շարունակական հանձնառություն է ցուցաբերում խաղաղության համար։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ որոշման համաձայն՝ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը, և դա տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը։
ԵԱՀԿ նախագահը շտապեց տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք ուղղություններով։
«Ընթանում է խաղաղության կարևոր գործընթաց և անհրաժեշտ է շարունակել խոստումնալից քայլերը», – նշեց նախարարը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել գործընթացին։
Նա հայտնեց, որ իր այցի ընթացքում ուրախ է եղել տեսել, թե ինչպես են իշխանությունները բաց մոտեցում ցուցաբերում քաղաքացիական հասարակության հետ աշխատելու հարցում։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կարողանում են արժեք ավելացնել», – նշեց Վալտոնենը՝ հույս հայտնելով խորացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ տնտեսության, խաղաղության և բարգավաճման ոլորտներում։