Սա իշխանության գործելաոճի հերթական դրսևորումն է՝ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ իշխանություններին ակնհայտ ծառայություններ մատուցած դատավորների նկատմամբ վարվում են այնպես, ինչպես այսօր վարվել են Արտուշ Գաբրիելյանի հետ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ իրավապահներն, այսօր գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով, բերման են ենթարկել իշխանության համակրանքը վայելող, մի շարք ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների դատած դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
«Այս գործողությույնը հերթական անգամ ցույց է տալիս հետևյալը. այն մարդիկ, որոնք կարծում են, որ ծառայություններ մատուցելով, քաղաքական հետապնդումներ իրականացնելով և դակելով՝ արտոնություններ են ստանալու, չարաչար սխալվում են։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման ենթարկելու գործողությունը ես ավելի շատ կդիտեի որպես մտածելու առիթ մյուս բոլոր դատավորների՝ հատկապես «անկախ» պաշտոններում աշխատող անձանց համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունների նման գործելաոճն ապացույցն է այն բանի, որ որևէ մեկը չի կարող իրեն ապահովագրված համարել՝ քաղաքական հետապնդումների մասնակցելու հանգամանքը հաշվի առնելով։
«Այս իրավիճակի միակ լուծումն իրականում այն է, որ մարդիկ չմասնակցեն քաղաքական հետապնդումներին և բոլոր որշումները կայացնեն բացառապես իրենց ներքին համոզմունքներին հավատարիմ մնալով՝ օրենքով և խղճով»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով՝ բերման են ենթարկել։ Euromedia24-ի աղբյուրների փոխացմամբ դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև նրա օգնականին։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում դատարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Թե ինչ վարույթի շրջանակներում է՝ կառույցից չեն մանրամասնել։
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Վերոնշյալ դատավորը կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ։ Արտուշ Գաբրիելյանը նաև բավարարել էր Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։