Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի։ Նա նույն թատրոնի բեմադրիչ, դերասան Գրիգոր Խաչատրյանն է, որի թեկնածությունն Արմեն Խանդիկյանն է առաջադրել։
Ինչպես հայտնի է, 2022 թվականի նոյեմբերի 29-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Խանդիկյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից այլևս չի լինելու թատրոնի տնօրեն, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա պատճառաբանել էր, թե տարիքը չի ներում։ 76 տարեկան է․ 10 տարի պահել են, բայց ինքն այլևս չի ցանկանում շարունակել աշխատանքը տնօրենի պաշտոնում։
Հիշեցնենք, որ թատրոնը ՀՈԱԿ է՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որը ենթարկվում է Երեւանի քաղաքապետարանին։ ՀՈԱԿ-ի տնօրենի դեպքում գործում է տարիքային սահմանափակում՝ նա կարող է աշխատել մինչեւ 65 տարեկան դառնալը։
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն ավարտել է թիվ 14 գեղարվեստի պետական ուսումնարանը` ստանալով հախճապակու վրա նկարիչ-կատարողի որակավորում։ 1994-1996 թվականներին ծառայել է հայոց բանակում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ դրամատիկ թատրոնի ռեժիսոր (Արմեն Խանդիկյանի արվեստանոց):
1998 թվականից մինչև օրս աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը՝ որպես դերասան, իսկ 2004 թվականից նաև որպես ռեժիսոր։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասան բաժնում, որպես /Ա. Խանդիկյանի արվեստանոց/ ասիստենտ բեմադրել է`Մ. Մակդոնախ՝ «Բարձ – Մարդը», Էսքիլես՝ «Քոեփորներ», Ու. Շեքսպիր՝ «Տասներկուերորդ գիշեր», Է. Վոլոդարսկի՝ «Սրիկա» ներկայացումները։ ԵԹԿՊԻ դրամատիկ թատրոնի դերասան բաժնի կուրսի ղեկավար բեմադրել է` Ու.Շեքսպիր՝ «Օթելլո», Ռ. Բելեցկի՝ «Թույն», Էվրիպիդես՝ «Բաքոսուհիներ» ներկայացումները։