Արձանագրենք, որ ՀՀ ՆԳՆ–ն և ՆԳՆ–ի գլխավորությամբ ՀՀ Կառավարությունը տապալել է ո՛չ միայն արտաքին անվտանգության ապահովման իր իմպերատիվ պարտավորությունը, այլև ՀՀ ներքին անվտանգությունը։ Գործ ունենք ձախողված ներքին անվտանգության համակարգի հետ։
Բացատրեմ՝
ՆԳՆ Ոստիկանությունը պարտավոր է գնահատել երկրում քրեածին իրավիճակը, ընդ որում՝ համայնքային առանձնացված և դետալավորված վերլուծություններով։ Ցանկացած պարագայում Ոստիկանության ուշադրությունը կենտրոնանում է այն հնարավոր քրեածին միջավայրի վրա, որտեղ կա հատկապես «վենդետայի» վտանգ։ Փարաքյար համայնքը հենց այդպիսին էր։ Իսկ երբ խոսքը վերաբերվում է հասարակական, պետական և համայնքային գործիչներին, ապա ո՛չ միայն Ոստիկանությունը, այլև Ազգային Անվտանգության ծառայությունը պարտավոր էին առանձնացնել հնարավոր «վենդետայի» շրջանակը, բացահայտել նպաստավոր գործոնները և չեզոքացնել դրանք։ Այսինքն՝ համայնքապետը և համայնքապետի անվտանգությունը պետք է լիներ հատուկ ծառայությունների և ոստիկանության առանձնակի ուշադրության կենտրոնում։
Ցավոք այս ֆունկցիաները ժամանակակից Հայաստանում վերաբերվում են բացառապես իշխանական և պրոիշխանական շրջանակներին, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ Հայաստանում ուղղակի անպաշտպան են․․․
Հասարակությունը պարտավոր է առավել պահանջատեր լինել, որովհետև երկրում ներքին անվտանգությունը նույնքան խոցելի է, որքան արտաքին անվտանգությունը։ Ոստիկանության և հատուկ ծառայությունների առաջնային պարտավորությունը ո՛չ թե հանցագործություն արձանագրելն ու բացահայտելն է, այլ կանխարգելելը, որը առավել մեծ պարտավորություն և պատասխանատվություն է պահանջում։
Ցավակցում եմ Վոլոդյա Գիգորյանի ընտանիքին և հարազատներին։ Սա ժամանակակից Հայաստանի պատմության մեջ ներքին անվտանգության մեծ խարաններից մեկն է։
Արա Պողոսյան, քաղաքագետ