Մենք հակված ենք կառուցողական քննարկման, բայց կներեք, երբ օրինակ՝ տիկին Փոստանջյանը իրեն թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին խոսա, մենք հիմա, որ այդ մարդուն դուրս հրավիրենք կամ իր նկատմամբ ինչ-որ բիրտ տուժ կիրառվի, կասեն՝ ընդիմությանը ճնշում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քաղաքական ելույթ չի, քննադատություն չի, դա ուղղակի տարրական դաստիարակության կանոնների չպահպանում է, երբ իր հերթը չի խոսելու, կանգնում, գոռում է, լայվ է մտնում, նիստին զուգահեռ իր սեփական նիստն է վարում։ Մենք դա չենք կարող վերահսկել։ Ոչ ՔՊ խմբակցությունը, ոչ «Հանրապետություն» խմբակցությունը չեն կարող վերահսկել, որ օրինակ «Մայր Հայաստան» խմբակցությունը, «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, «Հանրային ձայնի» գործընկերները ինչ վարքագիծ դրսևորեն»,- նշեց Գրիգորյանը։
Ըստ փոխքաղաքապետի՝ իրենք իրենց դիրքորոշումը արտահայտում են, ցույց են տալիս, որ ավագանու նիստերի կադրերում հայտնվածն իրենց սրտով էլ չէ, և իշխանությունը չի կարծում, որ դա է այն բովանդակությունը, որը հանրությանը պետք է մատուցվի։
«Այն, ինչ որ կախված է մեր մատուցման տեղեկատվական հոսքերից, մենք դրա կառավարում ենք և այնպես ենք անում, որ առնվազն մեր մասով ձեզ այդ տեղեկությունը հասու չլինի։
Իսկ եթե ավագանու ընդդիմադիր անդամը համարում է, որ դա է այն նյութը, որը պետք է մեր հանրությունը ստանա, թող հանի իր լայվով նկարի, թող մարդիկ դա տեսնեն»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։