ԿԳՄՍ նախարարությունը սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում սեպտեմբերի 1-ից փակելու է 231 դպրոց, որը կազմում է Հանրապետության բոլոր դպրոցների 16,6 տոկոսը։ Դպրոցներն են օպտիմալացնում, վերամիրավորում «կրթության որակի հասանելիության» անվան տակ։
ԿԳՄՍՆ-ն «Հերքում» վերնագրով հրապարակում է արել՝ հայտարարելով. «Վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն»։
Բանն այն է, որ նախարարությունը չի ասում, որ դպրոցներ են փակվելու, բայց պատկերը սա է լինելու՝ անգամ 50-110 աշակերտ ունեցող գյուղերի դպրոցները չեն գործելու, մի քանի գյուղի աշակերտներ գնալու են հարևան գյուղի դպրոց, որը վերանորոգվել է, արդիականացվել և այլն. հետազոտության արդյունքների հիման վրա հայտնում է Ազգային կրթության խորհուրդը։ Այսինքն՝ օրինակ՝ Շիրակի մարզի Կաքավասար գյուղի դպրոցը փակվելու է, երեխաները ստիպված են լինելու գնալ հարևան Մուսայելյան գյուղի դպրոց։ Իսկ այդ գյուղը 15-20 կմ հետու է։ Ստացվում է՝ երեխաները օրական 30-40 կմ ճանապարհ են գնալու, որ դպրոցում սովորեն։
Բնակիչները վստահ են՝ իշխանություններն այս ծրագրով ուզում են գյուղերը դատարկել։ Առանց այդ էլ սահմանամերձ, լեռնային բնակավայրերում կյանքը շատ դժվար է։ Երիտասարդ ընտանիքները հողագործությամբ ու անասնապահությամբ չեն կարողանում գոյատևել, ստիպված տան տղամարդը կամ քաղաք է գնում՝ աշխատելու, կամ՝ խոպան։ Հիմա էլ դպրոցներն են փակում, որ գյուղերում միայն ծերե՞րը մնան, ու մի-երկու տարի հետո գյուղերը դառնան անմարդաբնա՞կ։ Եվ ո՞ւմ համար են դատարկում հայերի տները… որ ովքե՞ր գան բնակվեն այնտեղ։ Ընդ որում՝ հիմնականում փակում են Շիրակի, Սյունիքի ու Լոռու մարզերի դպրոցները։
Նորակառույց կամ բարեկարգ դպրոցում սովորելու համար երեխաները մի քանի տասնյակ կմ ճանապարհ անցնեն, ԿԳՄՍՆ-ն էլ անունը դնի «բարեփոխում»։ Իսկ քանի՞ ուսուցիչ է աշխատանքից զրկվելու։ Դպրոցը համայքի բնակիչներին իրար հետ կապող, մտերմացնող, գյուղին շունչ, կենդանություն տվող կրաթական ու մշակութային կառույց է։ Այն համայնք, ժողովուրդ, ազգ, Հայրենիք ստեղծող ուժ է։
231 դպրոցները փակելով՝ նշանակում է փակվում է Հայաստանի ամեն 6-րդ, գյուղական համայնքների ամեն 3-րդ դպրոցը։
Ազգային կրթության խորհուրդն ահազանգում է՝ պետք է կասեցնել այս ծրագրի իրագործումը, այլապես կոչնչանան մեր գյուղերը։





