ՀՀ վարչապետն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միշտ էլ խաբեություններ է տարածել, ինչպես օրինակ այն ժամանակ, երբ հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը, որ արցախյան խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։
«Խաբեությունն՝ իր հերթին, խաբեությունը միշտ էլ կա ՀՀ վարչապետի կողմից, բայց խնդիրն այլ բանում է։ Խնդիրն աշխարհի մասին կեղծ պատկերացումների մեջ է. կեղծ պատկերացում է, որ գոյություն ունի միջազգային հանրություն, որտեղ բոլորն իրար նման են մտածում, ունի ընդհանուր որոշումներ։ Մյուս կեղծ պատկերացումն այն է, որ միջազգային հանրության՝ Արևմուտք կոչվող մասն ունի մեկ միասնական տեսակետ։ Ամեն ինչ, ահա, գալիս է աշխարհի մասին սխալ պատկերացումից։
Տարբեր երկրներ ունեն տարբեր շահեր, և շահերի առումով հակասություններ կան նաև արևմտյան երկրների միջև, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև, ԵՄ անդամ երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Անդրադառնալով Գերմանիայի կանցլերի՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հայտարարությանը՝ վերլուծաբանը նկատեց՝ Գերմանիան և Ֆրանսիան մեր տարածաշրջանում ունեն շահեր, որոնք հակասում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի շահերին։
Այդ երկրներն, ըստ մեր զրուցակցի, բոլորովին այլ վերաբերմունք ունեն Հայաստանի հարևան Իրանի նկատմամբ։
«Գերմանիան կոնկրետ շահեր ունի Հայաստանում. պատճառը հետևյալն է. զրկվելով ռուսական նավթից և գազից՝ Գերմանիան փորձում է ապահովել վառելիքի ստաբիլ հոսքն իր տարածք։ Իսկ դրա լավագույն տարբերակը Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով, Սև ծովով դեպի Եվրոպա վառելիք արտահանելն է։ Այս ճանապարհը շրջանցում է նաև Թուրքիան և Ադրբեջանը,իսկ Գերմանիան չի ցանկանում մտնել թուրքական շանտաժի տակ։
Գերմանիայի շահերը Հայաստանում և Վրաստանում սկսել են լրջանալ, և նրան պետք չէ, որ Հայաստանը կորցնի Սյունիքը՝ հասկանալի պատճառով։
Մենք գնալով ավելի շատ ենք Գերմանիայից լսելու հայանպաստ հայտարարություններ, ինչպիսիք Ֆրանսիայից ենք լսում։ Գերմանիայի կանցլերի հայտարարությունը պետք է հասկանալ հենց այս տրամաբանության մեջ»,- իր խոսքը եզրափակեց Ստեփան Դանիելյանը։