Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում անդրադարձել եմ ռազմագերիների և Արցախում մշակութային ցեղասպանության խնդրին:
Երբ մենք խոսում ենք Արևելյան գործընկերության նոր էջի մասին, պետք է հիշենք, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը վերացական նպատակներ չեն․ դրանք հիմնված են մարդկային կյանքի և արժանապատվության վրա։
Այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երկու հրատապ հումանիտար և բարոյական խնդիրների վրա, որոնք հանդիսանում են մեր ընդհանուր արժեքների իրական փորձությունը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների շարունակվող անազատությունը և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Թույլ տվեք սկսել ռազմագերիներից։ Ոչ մի ժողովրդավարություն չի կարող լինել իսկական, երբ դեռ կան ռազմագերիներ։ Մինչ այսօր՝ 2020 թվականի պատերազմի ավարտից և 2023-ին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումից տարիներ անց, ըստ հաստատված տվյալների՝ 23, սակայն փաստերը վկայում են, որ շուրջ 80 հայեր դեռ պահվում են Ադրբեջանում գերության մեջ՝ Ժնևի կոնվենցիաների խախտմամբ։
Վստահելի աղբյուրները տեղեկացնում են անմարդկային պայմանների, հոգեբանական ճնշումների և նույնիսկ ինքնավնասման փորձերի մասին։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի վերջին այցը կայացել է հունիսին։ Այդ կազմակերպությունը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը Բաքվում՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով։ Այժմ ոչ մի անկախ միջազգային կառույց իրավունք չունի այցելել գերիներին։
Այս մարդիկ պարզապես կալանավորներ չեն — նրանք քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Լեռնային Ղարաբաղի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար։
Այս պրակտիկան խաթարում է այն բոլոր սկզբունքները, որոնք պաշտպանում է Արևելյան գործընկերությունը։ Երբ պետություններին թույլատրվում է մարդկային կյանքերով առևտուր անել քաղաքական օգուտի համար, անվտանգությունը փլուզվում է, իսկ ժողովրդավարությունը կորցնում է իր բարոյական հիմքը։
Հարգելի գործընկերներ, Եվրոպական միությունն ու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը միշտ պաշտպանել են մարդու իրավունքները, արժանապատվությունն ու օրենքի գերակայությունը։ Մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ այդ սկզբունքները բացահայտ խախտվում են Արևելյան գործընկերության տարածքում։
Ահա թե ինչու եմ ես կոչ անում այս Վեհաժողովին պահանջել անհապաղ և աներկբա հասանելիություն հումանիտար կազմակերպությունների համար, բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակում և պատասխանատվություն՝ նրանց անմարդկային վերաբերմունքի համար։
Միաժամանակ չենք կարող անտեսել նաև մեկ այլ հարձակում՝ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ջնջումը։
Դարավոր եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ և ամբողջական հայկական բնակավայրեր ոչնչացվում են, պղծվում կամ «վերականգնվում» են այնպես, որ կորցնում են իրենց իսկական տեսքը։ Սա պատահական վնաս չէ՝ սա մշակութային զտում է, պատմության վերաձևակերպում և ժողովրդի ներկայության ջնջում իր բնօրրանից:
Այս գործողությունները խախտում են 1954 թվականի Հաագայի կոնվենցիան և հակասում են այն մշակութային երկխոսության ոգուն, որի պահպանման համար ստեղծվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը։
Գործընկերներ, եթե մենք իսկապես ցանկանում ենք բացել նոր էջ Արևելյան գործընկերության համար, դա պետք է լինի էջ, որտեղ անվտանգությունը անբաժանելի է արդարությունից, իսկ խաղաղությունը չափվում է մարդու կյանքի և մշակութային ինքնության նկատմամբ հարգանքով։
Ուստի ես կոչ եմ անում այս Վեհաժողովին՝
– Պահանջել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,
– Աջակցել անկախ միջազգային առաքելության ստեղծմանը՝ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության փաստաթղթավորման և պաշտպանության նպատակով,
– Դատապարտել բոլոր տեսակի մշակութային և հումանիտար խախտումները,
– Եվ վերահաստատել, որ ժողովրդավարությունն ու գործընկերությունը չեն կարող գոյատևել առանց ճշմարտության, արդարության և պատասխանատվության։
Հարգելի պատգամավորներ, ժողովրդավարության գլոբալ սպառնալիքների այս ժամանակաշրջանում մեր հանդեպ վստահելությունը սկսվում է հենց տանը՝ պաշտպանելով նրանց, որոնց ձայնը լռեցվել է։
Խաղաղությունը չի կարող կառուցվել գերության վրա,
անվտանգությունը չի կարող հիմնվել ժխտման վրա,
և ժողովրդավարությունը չի կարող ծաղկել, երբ պատմությունը գտնվում է հարձակման տակ:
Շնորհակալություն
Էլինար Վարդանյան, իրավագետ, ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր





