Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։
Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նախագահ Վահագն Խաչատուրյանից դեռ պաշտոնական տեղեկություն չկա` արդյոք նրանք կմասնակցեն արարողությանը, թե ոչ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին հրապարակավ հայտարարեց, որ հրավեր ստացել է, սակայն չի կարող մասնակցել, քանի որ պաշտոնական այցով լինելու է Կանադայում:
Օգոստոսի վերջին վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ մինչ օրս Մայր աթոռից հրավեր չի ստացել` մասնակցելու Մայր տաճարի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողություններին։