Այդ մասին փետրվարի 28-ի համարում տեղեկացրել է «Time Turk»-ը՝ հիմք ընդունելով Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարության հաղորդագրությունը: Մինչ դրան անդրադառնալը, նշենք, որ Իսրայելի վերջին ագրեսիան դեռևս 2000 թթ. կեսերին օդից, ծովից և ցամաքից շրջապատվելու պատճառով համակենտրոնական ճամբարի վերածված Պաղեստինի Գազայի հատվածի վրա սկսել էր անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ փետրվարի 28-ին լրացել էր հարձակման 145-րդ օրը: Իսրայելի հարձակումները Գազայի վրա միշտ էլ անասելի դաժանությամբ են իրականացվել: Հոկտեմբերի 7-ինը, որն սկսվել էլ Իսլամական դիմադրության շարժմանը՝ HAMAS-ին Գազայում արմատախիլ անելու առաջադրանքով, փաստորեն ուղղվեց խաղաղ բնակչության դեմ և դաժանությամբ գերազանցեց բոլոր ենթադրությունները, այն աստիճանի, որ նույնիսկ ԱՄՆ-ը, Եվրոպական միության առաջնակարգ երկրները, որոնք նախորդ հարձակումների ժամանակ անվերապահորեն պաշտպանում էին Իսրայելին, այս անգամ ստիպված դատապարտեցին:
Իսլամական և արաբական աշխարհի բազմաթիվ երկրների թվում Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրեցին նաև լատինամերիկյան մի շարք երկրներ՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները վերջինի հետ: Իսրայելի դեմ առանձնակի կատաղությամբ հանդես էր գալիս նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Սակայն Գազայում զգալով որ Էրդողանի խնդիրը HAMAS-ը չէ, առավել ևս հատվածի խաղաղ բնակչությունը, ուստի նրան, ինչպես «Halk TV»-ի էկրանից բազմիցս նշել են անկախ դիտորդները, նույնիսկ պաղեստինցիները չէին հավատում, որովհետև քաջածանոթ էին հակաիսրայելական քարոզարշավի առաջնորդի դերն ստանձնելու և դա Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնելու՝ Էրդողանի նկրտումներին:
Համենայն դեպս, Պաղեստինի առողջապահության նախարարությունը, ըստ թուրքական թերթի, հաղորդագրության մեջ նշել է, որ 145 օրվա մեջ Իասրայելի «անպարտելի» բանակը Գազայում սպանել է 29 հազար 954 խաղաղ պաղեստինցու, իսկ 70 հազար 325-ին վիրավորել: Ի դեպ՝ սպանվածների մեջ զգալի թիվ են կազմում դպրոցականները, որոնց մասին էլ տեղեկացրել է Պաղեստինի կրթության նախարարությունը: Նախքան տվյալներին անցնելը՝ նշենք, որ նախարարության տեղեկագրով Իսրայելի սպանություններին, բացի Գազայից, զոհ են դարձել նաև Այսրհորդանանի դպրոցականները:
Նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում սպանվել է 5. 379 դպրոցական, 8. 888-ը վիրավորվել: Ինչ վերաբերում է Այսրհորդանանին, ապա այնտեղ իսրայելական բանակը սպանել է 48 դպրոցականի, 305-ին վիրավորել, իսկ 97 դպրոցականի ձերբակալել է:
Այս ամենից զատ, Գազայում սպանվել է նաև 255 ուսուցիչ, 891-ը վիրավորվել, իսկ Այսրհորդանանում վիրավորվել է 6 ուսուցիչ, 73-ը ձերբակալվել: Այդ ընթացքում իսրայելական բանակի հարձակումների 145 օրերին Գազայում ռմբակոծել է 351 դպրոց, այդ դպրոցներից 40-ը հիմնահատակ ավերվել է, 111-ը լրջորեն վնասվել, նույն ճակատագրին է արժանացել նաև իսրայելական օկուպացիայի տակ գտնվող Այսրհորդանանի դպրոցներից 57-ը:
Հակոբ Չաքրյան