Ո՞վ կմտածեր, որ Բոստոնում 25 տարի առաջ տեղի ունեցած պատահական հանդիպումը կվերածվի Հայաստանին նվիրված ազդեցիկ գեղարվեստական ձոնի։
«Սիրո նամակ Հայաստանին» ներկայացում-ցուցահանդեսը երկխոսություն է արվեստագետի և մշակույթի միջև՝ համադրելով լուսանկարչությունը, պատմությունն ու երաժշտությունը՝ բացահայտելու Հայաստանի ոգին։
2025թ․ նոյեմբերի 19-20-ին լուսանկարիչ և պատմասաց Ուինսլոու Մարտինը Երևանում կներկայացնի իր բազմաբովանդակ ներկայացումը՝ «Սիրո նամակ Հայաստանին», որը կազմակերպել է «Հաքաուատի» մշակութային ՀԿ-ն, և կբացի Երևանյան միջազգային թատերական փառատոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ներկայացում-ցուցահանդեսը ներկայացվելու է երկու օր շարունակ՝ հնարավորություն տալով շատերին վայելելու այն։ Ավելի քան երկու տասնամյակ Մարտինի ֆոտոխցիկը որսացել է Հայաստանի ամուր ոգին, գեղեցկությունն ու յուրահատկությունը՝ հավերժացնելով մարդկային կյանքի անկրկնելի պահեր ՝ գյուղական հարսանեկան ծեսերից մինչև մոմավառ հոգենորոգ աղոթքներ։ Լուսանկարները, որոնք առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի պատմության թանգարանում 2023թ, այժմ վերադառնում են Երևան նոր ձևաչափով՝ համադրելով վիզուալ պատմությունը կենդանի երաժշտության և խոսքի հետ։
Հայաստանի հետ իր կապի մասին Ուինսլոու Մարտինը նշում է․ «26 տարիների ընթացքում ես կիսել եմ Հայաստանի հետ և՛ ուրախ, և՛ տխուր պահեր. այս երկիրը դարձել է իմ երկրորդ տունը։ Անչափ երջանիկ եմ և շնորհակալ Հայաստանին, ինչի պատվին էլ կիսվում եմ իմ սիրով լի նամակով»։
Ներկայացման ռեժիսոր-պրոդյուսեր Րաֆֆի Նիզիբլյանը, ով բազմիցս ղեկավարել և կյանքի է կոչել նմանատիպ մշակութային նախագծեր, ինքն էլ հայրենադարձ է Մոնրեալից և արդեն տարիներ շարունակ Հայաստանը համարում է իր տունը. «Արդեն 23 տարուց ավել է, ինչ ապրում եմ այստեղ։ Երբ երկու տարի առաջ տեսա Ուինսլոուի ցուցահանդեսը, զգացի՝ այն արտացոլում է իմ սեփական պատմությունն ու Հայաստանի հանդեպ ունեցած խորը սերը՝ հավերժացրած գեղատեսիլ պատկերներով, որոնք կարծես պատմում են մեր երիտասարդ հանրապետության անցած ուղին՝ լի և՛ ուրախ, և՛ վշտալի պահերով։
Ահա թե ինչու զգացի, որ աուդիո, վիզուալ և կենդանի երաժշտության համադրությամբ պատմողական ներկայացում ստեղծելը համապատասխանում է մեր կազմակերպության առաքելությանը՝ կիսվել պատմություններով, որոնք օգնում են բուժել համատեղ տրավման»։
90 րոպե տևողությամբ ներկայացում-ցուցահանդեսի ընթացքում Մարտինը անձամբ կլինի բեմում՝ երկխոսելու Հայաստանի հետ, պատմելու իր ուղին լուսանկարների, միահյուսված աուդիո֊վիզուալ միջավայրի և հայկական էստրադային-ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ։
Վերջինս կապահովեն Թամարա Աթանեսյանը և Արման Պեշտմալջյանը՝ Աննա Միքայելյանի գեղարվեստական ղեկավարությամբ։
Ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն, որը հանդիսատեսին հնարավորություն կտա ավելի մոտ ծանոթանալ Մարտինի ստեղծագործությանը, և զրուցել հեղինակների հետ ներկայացման-ցուցահանդեսի վերաբերյալ։
«Հաքաուատի» մշակութային ՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ Փառատոնի հիմնադիր-նախագահ, մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Մկրտչյանը նշում է․ «Երևանյան միջազգային թատերական փառատոնի նպատակներից մեկը մշակութային կամուրջներ ստեղծելն է։ Հենց այս առումով էլ մենք յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցային ծրագրերին։ Երբ առաջին անգամ Րաֆֆի Նիզիբլյանից տեղեկացա «Սիրո նամակ Հայաստանին» նախագծի մասին, ցանկացա, որ Ուինսլոու Մարտինի պատմությունը ներկայացվի Մայր թատրոնի բեմում և ԵՄԹՓ-ի մաս դառնա»։





