Թուրք ծայրահեղականները սոցցանցերում հակաքարոզչություն են տանում՝ պաշտպանելով «գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման խորհրդանիշ-ժեստը ցուցադրած թուրք մարզիկներին։
Աշխատելով չքմեղ ձևանալ ու իրենց հոգեկերտվածքին հատուկ «զոհի» մորթի հագնել՝ թուրք ազգայնամոլները, որոնց ֆեյսբուքյան էջերում միայն Աթաթուրքի, բաց երախով, հոշոտելու պատրաստ գայլի գլխով ու թուրքական դրոշով շապիկներով մարդակերպ արարածների նկարներ են, արշավ են սկսել ՈՒԵՖԱ-ի ու բոլոր նրանց դեմ, ովքեր դատապարտում են «գորշ գայլերի» ժեստը և հայտարարում դրա վտանգավոր լինելու մասին։ Թուրք ազգայնամոլներից մեկը, որը Ֆեյսբուքում գրանցված է Ֆեվզի Գյուլթեկին անունով, տարբեր լեզուներով հայտարարություններ է տարածում՝ իբր «գորշ գայլեի» խորհրդանիշ-ժեստը պատմության խորքերից եկող «անմեղ» մի նշան է։ Թուրքերն այն անվանում են Բոզքուրտի նշան։
Այս թուրքի էջը ողողված է «գորշ գայլերի» նշանների տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք ներկայացնում ենք ստորև։ Բոլոր նկարները վերցված են նրա էջից։
Ֆեյսբուքյան օգտատերերը կփաստեն, թե ինչ հարձակումների են ենթարկվում ու ինչ երկար ժամանակով են արգելափակվում իրենց էջերը անհիմն պատճառներով։ Հենց այս հոդվածում չենք կարող օգտագործել արցախյան ազատագրական պայքարի հերոս Ավոյի ամբողջական անունը, նաև լուսանկարը, որովհետև համացանցի «գեստապոները» անմիջապես կբռնեն ու կարգելափակեն։
Բազմիցս ենք համոզվել, որ համացանցը ևս երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ թուրք Ֆեվզի Գյուլթեկիի էջը Ֆեյսբուքի «հսկիչները» չեն արգելափակում «գորշ գայլեի» ազգայնամոլական նշանի լուսանկարները հրապարակելու և քարոզչություն իրականացնելու համար։ Անգամ նկատողություն չեն անում։
Ի պաշտպանություն ազգայնամոլական ժեստ ցույց տվող թուրք մարզիկների՝ Գյուլթեկին գրել է.
«Սիրելի ընկերներ, այսօր մեր քննարկման թեման Բոզքուրտի նշանն է…
Ես պարզապես ստիպված էի անել այս գրառումը ՈՒԵՖԱ-ի ապշեցուցիչ քայլից հետո…
Ցավոք սրտի, ճիշտ է, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել մեր մարզիկի նկատմամբ, որը սիրում է գոլ խփել։
Այս խորհրդանիշը թուրք ազգի և իրենց թուրք համարողների ազգային խորհրդանիշն է։
Բոզքուրտի նշանի՝ ազգային խորհրդանիշ դառնալու ամենակարևոր պատճառն այն է, որ թուրքերը կարծում են, որ իրենք գերագայլի սերունդ են։
Բոզքուրտն այսօր դարձել է թուրքական ազգայնականության խորհրդանիշը։
Ահա թե ինչպես է այն տեղափոխվել անցյալից ներկա:
Այս նշանը 10 թվի խորհրդանիշ է»։
Ուշադրություն. այնուհետև Գյուլթեկին սկսում է «անմեղության կանխավարկածի» թուրքական «կտերով կերակրելու» փորձերը։
Նա փորձում է համոզել, որ իբր «գորշ գայլերի» նշանը 10 թվի խորհրդանիշ է, որը հանդիպում ենք իրանցի գրող Ֆիրդուսիի «Շահնամեում»։ Իբր 10 նշանակում է, որ 900 թվականը 10-րդ դարն է։ Ահա այս աստիճանի «անմեղ, միամիտ, կարելի է ասել՝ մշակութային» խորհրդանիշ է թաքնված «գորշ գայլերի» ահաբեկչական ժեստի տակ։
«Այս նշանը հաճախ են օգտագործում Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանի թուրքերը և իրաքցիները: Այս ժեստը կիրառում են ուրախության ու հաղթանակի պահերին։
Կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է սա բացատրի ՈՒԵՖԱ-ին»,- գրել է Ֆեվզի Գյուլթեկին։
Եթե «գորշ գայլերի» ժեստն այդքան «անմեղ» է, ինչո՞ւ են հայերը, հույները, քրդերը, սիրիացիները դարեր շարունակ զգում այդ «անմեղության» արյունալի, ցեղասպան քաղաքականության ու հայրենազրկման հետևանքները։