Վաշինգտոնը կողմերին կոչ է անում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար. ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ:
Այս մատակարարումներն առաջընթաց են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին միաժամանակ երկու ճանապարհով՝ Ակնայով ու Բերձորով Ստեփանակերտ է տեղափոխվել հումանիտար օգնություն։ Այսպես է եղել պայմանավորվածությունը Բաքվի հետ։
Բերձորով տեղափոխվել է 23 տոննա հայկական ալյուր, իսկ Ակնայով՝ ռուսական և եվրոպական արտադրության հիգիենայի պարագաներ։