Ադրբեջանական ռեսուրսները «որսացել» են նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու թեման եւ «զարգացրել», ասելով, թե այսօր հարձակում է Փաշինյանի վրա, վաղը կարող է լինել մահափորձ:
Ես բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդօրինակ «զարգացման» գաղափարը Բաքու հասնի հենց Երեւանից: Չէ՞ որ հիմա օրինակ ձեւավորված են նաեւ ոչ կառավարական շփման հաղորդուղիներ, որոնց միջոցով արդեն իսկ տեղի ունենում են «գաղափարների փոխանակումներ»:
Օրինակ, նախ այսպես ասած ոչ կառավարական մակարդակով տեղի ունեցավ դեպի Նախիջեւան ավտոմոբիլային ճանապարհ տրամադրելու «գաղափարրի» խաղարկումը, հետո այն հնչեց արդեն Եվրախորհրդարանի ամբիոնից: Ընդ որում, ես Օրվա թեմայի նախորդ շաբաթավերջի՝ ուրբաթօրյա թողարկմանը վերստին ուշադրություն հրավիրեցի այն հանգամանքին, որ Ադրբեջանը առ այսօր ոչ մերժել է, ոչ ընդունել այդ առաջարկը: Իսկ դա մեծ հավանականությամբ նշանակում է, որ քննարկվում են «պարամետրերը»:
Այնպես որ բոլորովին զարմանալի չէ, որ Ադրբեջանի պրոպագանդայի մակարդակում զարգացնում են Սուրբ Աննա եկեղեցումմ ընդամենը Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո հրահրմամբ տեղի ունեցած միջադեպը, հասցնելով դրա ընկալումը մինչեւ անգամ մահափորձի մակարդակի: Որովհետեւ, ի վերջո ու՞մ է պետք է այդ «գաղափարը», եթե ոչ հենց Նիկոլ Փաշինյանին:
Առավել եւս, որ կարծես թե կա նման մի հաջող փորձարկման օրինակ՝ Դոնալդ Թրամպն ու նրա ականջը, որը քերծեց գնդակն ու փաստորեն անշրջելի դարձրեց հաղթանակը նախագահի ընտրությանը: Իրակա՞ն էր դա, թե՞ բեմականացված եւ չափազանց դիպուկ կրակոց: Այստեղ բնականաբար ամեն ինչ սուբյեկտիվ եզրակացության դաշտում է, բայց համենայն դեպս կա նախադեպ, թե ինչպես է բավականին հաջող «անհաջող» մահափորձը օգնում հաջողությամբ ավարտել ընտրարշավը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան





