Քաղաքական անցուդարձերով հետաքրքրվող հանրությունն Իրանի՝ երկրորդ փուլ տեղափոխված նախագահական ընտրությունների վերջնարդյունքի մասին կտեղեկանա ընթացիկ շաբաթվա վերջին։
Հունիսի 28-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփող տվյալների համաձայն, առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներ, բարեփոխականների քաղաքական հոսանքը ներկայացնող Մասուդ Փեզեշքիանն ու արմատականների ճամբարից նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սաիդ Ջալիլին գործադիր իշխանության աթոռին տիրանալու համար պայքարը կշարունակեն հուլիսի 5-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլում։
Արեւմուտքի նկատմամբ կարծր դիրքորոշում ունեցող արմատականնե՞րը կհաղթեն նախագահական ընտրություններում, թե՞ պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու հաստատակամությամբ Արեւմուտքի հետ երկխոսելու կողմնակից բարեփոխականները։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները նախկինում ձախողած դիվանագետն ու Ազգային անվտանգության գերագույն խորհրդում երկրի հոգեւոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցի՞չը կբազմի նախագահական աթոռին, թե՞ Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի քրդաբնակ Մահաբադ քաղաքում ծնված եւ էթնիկ փոքրամասնությունների շահերի պաշտպանի դերում հանդես եկող թուրքախոս Մասուդ Փեզեշքիանը։
Քաղաքական մեկուսացման պայմաններում ութ տոկոսանոց տնտեսական աճ խոստացող Ջալիլի՞ն է ստանձնելու երկրի գործադիր իշխանության ղեկը, թե՞ միջազգային պատժամիջոցների պայմաններում նման տնտեսական աճն անիրական համարող Փեզեշքիանը։
Թվում է՝ հայ-իրանական հարաբերությոնների զարգացման ընթացքին ուշի-ուշով հետեւող Երեւանին պետք է անհանգստացներ թուրքախոս թեկնածու Փեզեշքիանի հաղթանակով շահագրգռված Բաքվի հրճվանքը։ Սակայն, հաշվի առնելով Իրանի քաղաքական դաշտի ու կրոնապետական համակարգի առանձնահատկությունները, երկրի ղեկավար ապշոտնն ստաձնող որեւէ անհատ չի կարող հաշվի չառնել Իրանի ազգային շահն ու կարմիր գծերը եւ կամայական որոշումներ կայացնել երկրի ճակատագրական հարցերում։
Չսպասելով վերջնարդյունքին, հստակ կարելի է ասել, որ անկախ ընտրությունների ելքից, անփոփոխ են մնալու նախկինում հռչակված Իրանի կարմիր գծերն ու ազգային շահերի նկատմամբ մոտեցումները։
Գրիգոր Առաքելյան