«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրանք շարունակում են փակ պահել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։ Գիշերը քաղաքացիներն այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրել, ինչպես նաև խարույկ վառել, իսկ վաղ առավոտյան մաքրության աշխատանքներ արել:
Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբը երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ ևս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:
Գիշերն իրավիճակը մայրաքաղաքի այս հատվածներում լարված է եղել։ Ի վերջո երթը վերադարձել է Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվել է վրաններ տեղադրելու և նստացույց սկսելու մասին: