Azg.am-ի զրուցակիցն է Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։
-Պարո՛ն Առուշանյան, կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հունվար-դեկտեմբեր ամսիների համար սոցիալական աջակցության նոր ծրագիր հաստատել: Ըստ այդմ՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ: 2025 թվականի ապրիլից մինչև հունիսը ներառյալ սոցիալական չափը կսահմանվի 40 հազար դրամ։ Իսկ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում աջակցությունը կշարունակվի՝ արդեն 30 հազար դրամի չափով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ։
-Ճիշտն ասած՝ մինչ Ձեր զանգը նույն հարցով ինձ զանգահարեց և բավական վրդովված նույն թեմայի շուրջ խոսեց մեր արցախահայ ակտիվիստներից մեկը։ Այդ երիտասարդն ասաց, որ շատ բռնի տեղահանվածների հետ է շփվել և տեղյակ է, որ կառավարության նոր որոշումն արցախահայերի կողմից շատ վատ է ընդունվել։
Ճիշտն ասած՝ ես ևս շատ վատ եմ ընդունում այս նորությունը, որովհետև այն չնչին օգնությունը, որը մեզ՝ արցախահայերիս, վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, էլի բավարար չէ։ Անգամ այն ընտանիքները, որոնք քիչ թե շատ ապահովված են, որոշակի եկամուտ ունեն՝ ընտանիքի մեկ անդամն աշխատում է, մյուսը թոշակ է ստանում և կարողանում են իրենց գոյությունը կիսատ-պռատ պահել, անգամ նրանք են մի կերպ ծայրը ծայրին հասցնում։ Նման ընտանիքների շատ-շատ օրինակներ կարող եմ բերել։
Իսկ ավելի մեծ թվով ընտանիքներ լայն հնավորություններ, կողմնակի եկամուտներ չունեն և չեն կարողանում փողի այլ աղբյուրներ հայթայթել։ Մինչդեռ բնակարանների վարձը, կոմունալ վճարները և մյուս ծախսերն այնպիսին են, որ այդ գումարները շատ չնչին են, չեն բավարարում։ Մարդիկ ստիպված դիմում են արտասահմանում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին՝ օգնության ակնկալիքով։ Արցախից տեղահանված անձինք վերին աստիճանի ընկճված վիճակում են գտնվում, ներքին ծանր ապրումներ ունեն։
-Պարո՛ն Առուշանյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ տրամաբանությամբ է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր հաստատվում։ Մի՞թե ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական ծանր վիճակին։
-Ինձ թ վում է՝ ՀՀ կառավարության անդամները, որոնք նման որոշումներ են կայացնում, կա՛մ կյանքից կտրված մարդիկ են և չեն տեսնում՝ ինչ է շուրջբոլորը կատարվում, կա՛մ հատուկ են անում, որ արցախցիներին է՛լ ավելի նվաստացնեն, և երիտասարդները շարունակեն թողնել-հեռանալ։
Անձամբ ես, կրկնում եմ, շատ վատ եմ ընդունում այս նոր որոշումը, վերին աստիճանի վատ։ Սա, ինձ թվում է, շատ վատ հետևանքներ է ունենալու. կարծում եմ՝ բողոքի ակցիաներ են սկսվելու։
Ուղղակի ինձ զարմացնում է այն, որ ՀՀ ազգաբնակչությունը շատ հանգիստ է ընդունում այս ամենը։ Խոսքս արցախցիների մասին չէ. արցախցիների մի մասն ընկճված են, մի մասը՝ հիասթափված և չեն ուզում բողոքեն։ Ուղղակի իրենց ներսում այսպես ասած եփվում են, բարկանում են, ծանր են տանում, բայց չեն բողոքում։
Կրկնում եմ՝ հայաստանաբնակներն են ինձ զարմացնում իրենց այս քար լռությամբ, անտարբերությամբ՝ կարծես այն նույն ժողովուրդը չէ, որ 1988-1994 թվականներին մեզ հետ միասին պայքարում էին, ցավում էին, մեզ օգնում էին։ Իհարկե, արցախցիներին ապրումակցող, մեր պրոբլեմները սրտին մոտ ընդունող ՀՀ քաղաքացիներ այսօր էլ կան, բայց նրանք չնչին տոկոս են կազմում։
–Պարո՛ն Առուշանյան, իսկ չե՞ք կարծում, որ արցախցին, մի կողմ թողնելով հիասթափությունը և ընկճվածությունը, վերջապես պետք է այս և իրեն վերաբերող մյուս որոշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնի, բողոքի ձայն բարձրացնի, որպեսզի ՀՀ կառավարությունը հասկանա, որ Արցախից բռնի տեղահանվածները տեր են իրենց իրավունքներին։
-Արցախցիները հիասթափված են. բողոքի ակցիաները ոչ մի արդյունք չեն տալիս, իշխանությունները լրատվամիջոցների և իրենց գործիչների միջոցով փնովում են արցախցիներին, «երեսով տալիս», թե հայ զինվորներն արցախցու համար զոհվել են, իսկ նրանք թողել են և իրենց տներից փախել։ ՀՀ իշխանությունները հայաստանաբնակ հայերին տրամադրում են արցախցիների դեմ, մեկը հարյուր են սարքում։
Արցախցիներն էլ են շատ բացթողումներ ունեցել՝ առավել ևս ղեկավարության կողմից։ Բայց եթե առանձին անհատների կողմից եղել են բացթողումներ կամ կոռուպցիոն գործողություններ, դրանք անընդհատ շարքային արցախցու երեսով տալ, նրանց մեղադրելն անբարոյականություն է։ Սա էլ է ազդում արցախցիների ակտիվության վրա։ Մադիկ ընկճվում են, ասում են՝ բողոքում ենք, բայց բոլոր մեղքերը մեր վզին են դնում։ Անգամ Հայաստանում բարեկամներ ունեմ, որոնք վաղուց Հայաստանում են բնակվում, և նրանցից մեկն ինձ ասում է՝դե ի՞նչ եք ուզում, ամեն ինչ անում են ձեզ համար։ Ես շշմած այդ մարդու երեսին եմ նայում։
Երբ սկսում եմ թվարկել պրոբլեմները, նա զարմացած ինձ է նայում։ Նրան խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել իրականությունը, ոչ թե աչքերը փակ հավատալ պրոպագանդային։
-Պարո՛ն Առուշանյան, Ձեր շրջապատում կա՞ն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ, որոնք գոյատևում են բացառապես պետությունից ստացած նպաստների հաշվին։ Ի՞նչ կերպ են նրանք ընդունել ամեն ամիս տրամադրվող գումարի նվազեցման լուրը։
-Իհարկե՛, կան, ուղղակի նրանք ցրված են Հայաստանով մեկ։ Այդ մարդիկ չգիտեն՝ ինչ են անելու։
-Իսկ այս պահին թոշակները վճարվո՞ւմ են, որևէ խոչընդոտ այս մասով չկա։
– Բոլորի անունից չեմ կարող խոսել, բայց անձամբ ես, որ ժամանակին պետական պաշտոններ եմ զբաղեցրել և Արցախում 323 հազար դրամ թոշակ էի ստանում, այժմ Հայաստանում ընդամենը 76 հազար եմ ստանում, այսինքն՝ մոտ 4 անգամ իջեցրել են։ Կարծես իմ կենսագրությունը չի եղել, բարձր պաշտոններ չեմ զբաղեցրել։ Ստացվում է, որ ջնջել են մեր կենսագրությունները, և մեզ ոչ միայն նյութական, այլև բարոյական վնաս են հասցրել։ Ինչպե՞ս կարելի է ինձ և ինձ նման մարդկանց՝ այդքան տարիների ծառայությունը զրոյացնել՝ կարծես մենք մեր հայրենիքի համար ոչինչ չենք արել։
Պատկերացրեք՝ եթե կինս չաշխատեր, մեր վիճակն ինչ կլիներ. մի մարդու վիճակը, որ չի թալանել, չի գողացել, ամբողջ կյանքում ազնվորեն ծառայել է հայրենիքին, իսկ այսօր ՀՀ իշխանությունները մեզ նայում են որպես շարքային քաղաքացու, որն ինչպես ուզում է՝ թող ապրի։ Հիմա հարց եմ տալիս՝ ես, որպես միջին վիճակագրական արցախցի, ինչպե՞ս կարող եմ գոյատևել այս պայմաններում։ Եվ ինձ նման շատ-շատերը կան։
Բոլոր այն արցախցիները, որոնք ժամանակին Հայաստանում բիզնես չեն դրել, տուն չեն առել հիմա այստեղ ո՞նց ապրեն։ Այսինքն՝ մի քանի մարդ այստեղ իրենց ծանոթներով, ՀՀ իշխանությունների հետ մտերիմ լինելով՝ զերծ են պրոբլեմներից, իսկ մյուսները՝ մեծամասնությունը, տասնյակ հազարներով մարդիկ, բազմաթիվ պրոբլեմներ ունեն՝ տան վարձ, կոմունալներ, մնացած խնդիրներ։