Քաղաքացու դիմումի եւ Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Սոցցանցերում դիտարկումների եւ Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, ստեղծված իրավիճակով պայմանավորված, հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:
«Խնդրում եւ հորդորում ենք անբարեխիղճ եւ անամոթ վարքագիծ դրսեւորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաեւ օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ NEWS.am