Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առցանց քննարկում են ունեցել Ամերիկայի հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների հետևանքով Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունների կողմից տարվող փաստահավաք աշխատանքները, ինչպես նաև տեղեկություններ՝ շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված հումանիտար ծանր պայմանների և առկա խնդիրների վերաբերյալ միջազգային հարթակներում տարվող աշխատանքների վերաբերյալ։
Ամերիկայի հայ իրավաբանական միության ներկայացուցիչները իրենց հերթին ներկայացրել են Միության կողմից տարվող աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու միջազգային ներգրավվածության ապահովմանը։
Փոխադարձ շեշտվել է մարդու իրավունքների պաշտպանության իրավական գործիքակազմերի կիրառման և այդ հարցում արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։