Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդես է եկել կոչով.
Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ… Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի:
ՀՀ իշխանությունները, թե իրենց գործողություններով, թե հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:
ՀԱՅԵ՛Ր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ, և անտարբերությաբ ու ամենաթողությամբ, մենք իրականում կզրկվենք մեր Հայրենիքից: Այն, ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի, դիմելով ձեզ՝ խնդրում եմ, օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը: