Ավստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Այս մասին տեղեկանում ենք Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ Ֆլետչերը պահանջել է ամսական պարբերականությամբ տրամադրել տեղեկություններ Դավիթ Իշխանյանի հոգեկան և ֆիզիկական առողջության վերաբերյալ:
Նամակում նշվում է. «2019 թվականին ես և իմ մի քանի տասնյակ գործընկերներ հանդիպել ենք պարոն Իշխանյանի հետ մեր Դաշնային խորհրդարանում։ Հենց այս պատճառով նրա ձերբակալության և կալանքի պայմանները հատկապես մտահոգիչ են ինձ համար»:
Փոլ Ֆլետչերը նամակը եզրափակել է հետևյալ հայտարարությամբ. «Աշխարհը հետևում է Ադրբեջանին։ Ավստրալիան հետևում է Ադրբեջանին»:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ֆլետչերին իր նամակի և բոլոր հայ պատանդների ազատ արձակմանը նվիրվածության համար: