Ավելի նախընտրելի է փողոցային շարժման միջոցով այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը հանրային ճնշում կգործադրեր խորհրդարանի վրա, որպեսզի Ազգային ժողովի միջոցով կարելի լիներ հասնել վաչապետի փոփոխության։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 7-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ասել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ ցանկացած ընտրության կազմակերպում Հայաստանի համար ձախողակ կլինի տոտալիտար ռեժիմի պայմաններում։
Նա ավելացրել է, որ ՀՀԿ-ն 2018թ. հետո առաջին ուժերից մեկն էր, որն ընդդիմադիր դարձավ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի եւ անվտանգության հարցերում։ «ՀՀԿ-ն ողջունում է այդ նախաձեռնությունը («Տավուշը հանուն Հայրենիքի- խմբ.), մենք ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները, որոնցում կլինեն գիտակցված մոտեցում եւ հստակ ամրագրում, որ իշխանությունները երկիրը տանում են ձախողման։ Մենք միշտ եղել եւ լինելու ենք նման պայքարի էպիկենտրոնում»,- նշել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ կուսակցության ներկայացուցիչների մի մասը եւ նրա կողմնակիցները անազատության մեջ են իրենց դիրքորոշման պատճառով իշխանության այս կամ այն գործողության հետ կապված։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ներկայացնել որպես «գործողություն, որն իրականացնում է Ռուսաստանը»։ «Բայց դա ավելի շատ մատնում է գործընթացը, որն իրականացվեց 2018թ.։ Իշխանություններին թվում է, թե ցանկացած շարժում Հայաստանում պետք է տեղի ունենա այն նույն տրամաբանությամբ, ինչ եւ տեղի ունեցավ իրենց դեպքում արտաքին ուղղության տեսակետից։ Դա անփառունակ գործունեություն է իշխանության կողմից։ Նրանք վիրավորում են եւ փորձում վարկաբեկել նրանց, ովքեր ցանկանում են կանխել Հայաստանի անկումը»,- ընդգծել է պատգամավորը։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ խնդիրը սահմանազատումը չէ, այլ այն, թե ինչպես է դա իրականացվում եւ ինչ դեր է այն խաղում խաղաղության պայմանագրի հարցում։ «Ադրբեջանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի սկզբունքները գերակա դեր են խաղալու սահմանազատման եւ սահմանագծման ներկա գործընթացում։ Դա անհանգսություն է առաջացնում»,- ամփոփել է Տիգրան Աբրահամյանը։