Բոլոր դասագրքերը, որ պետք է տպագրված լինեին, տպագրված են եղել և տրամադրվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հակադարձելով այն պնդումներին, շատ դպրոցներ ընդհուպ օգոստոսի վերջին օրերին որոշ առարկաների դասագրքեր չեն ստացել։
«Այն բոլոր դասագրեքերը, որոնք մրցույթի արդյունքում երաշխավորվել են, տպագրվել են սահմանված ժամկետում, և դպրոցներն իրենց աշխատանքները սկսել են այդ դասագրքերով։ Եղել է 10 առարկա, որոնցով դասագիրք չի երաշխավորվել կամ մրցութային գործընթացում հայտ չի ներկայացվել կամ ներկայացվել է, բայց փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն չի ստացվել։ Այդ 10 դասագրքերի համար դպրոցներին օգոստոսին տեղեկացվել է, որպեսզի ուսուցումը շարունակեն հին դասագրքերով»,- ասաց նախարարը։
Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ ավագ դասարաններում պետք է հրաժարվել մեկ դասագրքի մոդելից, և որոշ դպրոցներ արդեն իսկ հրաժարվել են այդ մոդելից։
«Եթե մենք խոսում ենք մասնագիտական կողմնորոշման անհրաժեշտության մասին, ապա դա ենթադրում է, որ դպրոցում կարող են ամենատարբեր առարկաներ լինել։ Այսօր ունենք դպրոցներ, որտեղ գրաբար, գծագրություն են անցնում, արհեստական բանականության դասընթաց ենք ներդնում, և սա նշանակում է, որ առարկաները բազմազան են դառնում։ Հետևաբար մեկ դասագրքին կառչած մնալը որևէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը։
Այս տարի փորձում ենք պատմության դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սոցվորեցնել ուսուցիչներին»,- ասաց նախարարը։