Դատարանի նման որոշումը սպասելի չէր, որովհետեւ այն իրոք չի բխում ո՛չ Սահմանադրությունից, ո՛չ էլ՝ օրենքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ, կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Առուշանյանի գործով այսօր Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացած դատական նիստին, որի ավարտին դատարանը որոշեց բավարարել դատախազների ներկայացրած միջնորդությունն ու 2020թ. դեկտեմբերի 30-ին Առուշանյանի կողմից որպես իր խափանման միջոց մուծված 2 միլիոն դրամ գրավը փոխանցել պետական բյուջե:
Փաստաբանի համոզմամբ՝ այս որոշմամբ դատարանը խախտեց անմեղության կանխավարկածի սկզբունքը:
«Դատարանը, բավարարելով միջնորդությունը, ընդունեց Առուշ Առուշանյանի կողմից հանցանք կատարելու փաստը՝ նախքան դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելը, առհասարակ՝ ապացույցների հետազոտումը, փաստեց, որ Առուշանյանը իրենց վերագրվող նոր արարքը կատարել է, իսկ դա նոնսենս է: Այնպես չէ, որ դատարանում այս հայտարարությունն անում էի պարզապես այն պատճառով, որ պաշտպան եմ, իրոք, այս դատավորի կողմից օբյեկտիվության հարցում կասկած չենք ունեցել, որովհետեւ նրա գիտելիքների վերաբերյալ կասկածներ չեն եղել, բազմաթից նիստերում վերջինի կողմից պրոֆեսիոնալիզմ ենք տեսել: Չմտածեք, թե որոշումը մեզ չի վերաբերել, դրա համար ենք այսպիսի գնահատական տալիս, եթե այդպես լիներ, ապա առաջին անգամ խափանման միջոցը չփոփոխելու որոշման ժամանակ առարկություններ չենք հայտնել, ընդունել ենք որոշումը: Եթե որեւէ մեկը կհամոզի, որ այս գործը քաղաքական երանգ ունի, ինչ ասեմ, պաղպաղակ կհյուրասիրեմ, միանշանակ է, որ Առուշանյանի նկատմամբ ամենալկտի ձեւով քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա սկզբունքային անձնավորություն է, եւ այսօրվա իշխանությանը նման անձինք խանգարում է, դրա համար էլ այս պահին նման իրավիճակի ենք բախվում, բայց ոչինչ հավերժ չէ՝ ոչ գործադիր իշխանությունը, ոչ որոշ պաշտոնյաները»,- նշեց Ալեքսանյանը:
News.am