Ի զորու չենք որևէ գնահատական տալու եկեղեցու դեմ արշավին. սա պարզապես հիշեցնում է հեռավոր 30-ականները, երբ տեղի էր ունենում Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ բոլշևիկյան տեռորը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
«Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ և 30-ական թվականներին՝ բոլշևիկյան տեռորի ժամանակ։ Սա երրորդ ալիքն է, որ տեղի է ունենում մեր հոգևոր հայրերի դեմ։ Երկու սրբազանների կալանավորել են, հիմա անցել են Արագածոտնի թեմին, հաջորդ անգամ կանցնեն Գուգարքի և մնացած թեմերին, որտեղ թեմակալ ռաջնորդները ցուցաբերում են քաղաքացիական կեցվածք»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հոգևոր առաջնորդի՝ Հայ եկեղեցու հասցեին հնչեցրած գնահատականներին և դրանից երեք օր անց եկեղեցու դեմ նոր արշավին՝ Մենուա Սողոմոնյանը հայտարարեց՝ դրանք փոխկապակցված գործընթացներ են։
«Այս ամենը, որ կատարվում է, մի քանի բանի հետ է կապված՝ առաջինը Փաշինյանի՝ իշխանությունը պահելու գործընթացն է։ Ադրբեջանական կողմը ևս փայատեր է այս գործընթացի մեջ, Ադրբեջանն ամենաշահագրգիռ կողմն է, որ Փաշինյանը վերընտրվի., որովհետև նա այն մարդն է, որ կոտրում է բոլոր դիմադրական ռեսուրսները՝ ազգային արժանապատվություն և դիմագիծ։ Նա Հայաստանը տանում է թուրանական միջանցքի ուղղությամբ։ Նրանք Փաշինյանի քթից բռնած տանում են, Փաշինյանն էլ հայ ժողովրդին է քթից բռնած տանում»,- նշեց Սողոմոնյանը։
Վերջում նա շեշտեց՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի դաշինք է անհրաժեշտ՝ ընտրություններին ապահովվելու բարձր մասնակցություն, թույլ չտալու, որ ձայները փոշիացվեն։